Սերժ Սարգսյանը պատրաստ է լինել դեպի Ստեփանակերտի օդանավակայան թռչող ինքնաթիռի առաջին ուղեւորների թվում
ԵՐԵՎԱՆ, 12 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանը Երեւանի Աջափնյակ վարչական շրջանի ընտրողների հետ հանդիպման ժամանակ վերահաստատեց, որ ինքը պատրաստ է լինել դեպի Ստեփանակերտի օդանավակայան թռչող ինքնաթիռի առաջին ուղեւորների թվում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ` Սարգսյանը հավաստիացրեց, որ օդանավակայանն անպայման շահագործվելու է, «այստեղ որեւէ կասկած լինել չի կարող»: «Բոլոր պատճառաբանությունները, թե քաղաքացիական ինքնաթիռը կարող է ռազմական բեռներ տեղափոխել, հեքիաթներ են»,- հայտարարեց Սերժ Սարգսյանը` նշելով, որ դրա համար այլ բազմաթիվ հնարավորություններ կան:
Նախագահի թեկնածուն հավելեց, որ Ադրբեջանը սպառնալով ցանկանում է ցույց տալ, թե իբր իրենք են Ղարաբաղի տերը: «Քանի որ իրենք չեն Ղարաբաղի տերը, օդանավակայանը շահագործվելու է: Խնդիրները միայն տեխնիկական հարցերով են պայմանավորված: Ինքնաթիռը շուտով կլինի»,- ասաց նա:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում