Կապանը նշեց 97-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի 20-ամյակը
2 րոպեի ընթերցում

ԿԱՊԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Կապանում հունվարի 12-ին անցկացվեց համաքաղաքային միջոցառում` նվիրված Պաշտպանության նախարարության 97-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի 20-ամյակին: Տոնական միջոցառումը մեկնարկեց քաղաքում տեղակայված N զորամասից, որտեղ անցկացվեց հանդիսավոր զինվորական միտինգ: Իրենց ելույթներում բարձրաստիճան զինվորականները ներկայացրին բրիգադի անցած հերոսական մարտական ուղին, նշեցին, որ բրիգադն արժանացել է «Մարտական խաչ» առաջին աստիճանի մեդալի:«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ զինվորական միտինգի ընթացքում զորամասի հետախուզական վաշտի զինվորները ցուցադրեցին իրենց հնարքները: Այնուհետեւ միջոցառման մասնակիցները Բաղաբուրջի հուշահամալիրում հարգեցին բրիգադի զոհված մարտիկների հիշատակը, թարմ ծաղիկներ դրեցին նրանց շիրիմներին: Հանդիսավոր նիստի ժամանակ, որը տեղի ունեցավ Կապանի մշակույթի կենտրոնի մեծ դահլիճում, մանրամասն ներկայացվեց 97-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի մարտական ուղին:
«Բրիգադը ստեղծվեց այնպիսի օրհասական պահի, երբ վտանգված էին կապանցու արժանապատվությունը, ընտանիքը, հայրենիքը: Միավորելով ինքնաբուխ ստեղծված կամավորական ջոկատներին՝ բրիգադը կարողացավ փառքով կատարել իր առջեւ դրված խնդիրը»,- ասաց Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը, ով նույն բրիգադի դասակի հրամանատարիներից է եղել:
Տարիներ անց 97-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադը վերակազմավորվել է այսօր արդեն Կապանում տեղակայված N զորամասի: Նիստի մասնակիցներին իրենց շնորհավորանքի խոսքն ուղղեցին նաեւ բրիգադի առաջին հրամանատար գեներալ-լեյտենանտ Միքայել Գրիգորյանը, Պաշտպանության նախարարի խորհրդական գեներալ-լեյտենանտ Մուրազ Սարգսյանը, Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, ով եւս ծառայել է բրիգադում՝ որպես գումարտակի հրամանատար:
Հանդիսության ընթացքում եղավ նաեւ պարգեւատրման արարողություն. բրիգադի նախկին մարտիկները պարգեւատրվեցին ՀՀ ՊՆ եւ ԼՂՀ ՊՆ մեդալներով, թանկարժեք նվերներով, պատվոգրերով ու Կապանի քաղաքապետի շնորհակալագրերով: Հանդիսությունն ավարտվեց տոնական սեղանների շուրջ` տոնական համերգով: