Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Նոյեմբեր

Գավառում հիմնանորոգվել եւ վերաօծվել է Սուրբ Կարապետ եկեղեցին


ԳԱՎԱՌ, 19 ՆՈՅԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գավառ քաղաքում հիմնանորոգվեց եւ վերաբացվեց Սուրբ Կարապետ եկեղեցին, որը  106 տարվա լռությունից հետո իր դռները բացեց հավատավոր մարդկանց առջեւ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունյաց թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը` 1906 թվականին Գավառի Սբ. Աստվածածին եկեղեցու շինարարությունից եւ գործող եկեղեցի դառնալուց հետո Սբ. Կարապետը, որը բայազետցիները Բարսեղ Արծրունի իշխանի հովանավորությամբ կառուցել էին 1848 թվականին, աստիճանաբար լքվում եւ անուշադրության է մատնվում:

«Խորհրդային կարգերի փլուզումից հետո` մեր ժողովրդի հոգեւոր վերածննդի ու ամրապնդման ժամանակներում, Սբ. Կարապետ եկեղեցին խոնարհ ու լուռ սպասում է նորոգության իր հերթին: Նորբայազետցիների առաջին հավատո տունը  նորոգելու գաղափարի շուրջ Գավառ քաղաքում եւ դրա սահմաններից դուրս ապրող շուրջ 65 համաքաղաքացիների է համախմբում ծնունդով գավառցի Սամվել Սինանյանը: Եկեղեցու նորոգման աշխատանքները, որոնք սկսվում են այս տարվա մայիսից,  ընթանում են նրա անմիջական հսկողության և ուշադրության ներքո` նոյեմբերի երկրորդ կեսին պատրաստ լինելով վերաօծման: Տեղադրվել է նաեւ եկեղեցու զանգակատունը, որը քանդվել եւ անհետացել էր խորհրդային ժամանակներում»,-ասաց Գեղարքունյաց թեմի առաջնորդը:              
 Բազիլիկ ոճի Սուրբ Կարապետ  եկեղեցու վերաօծման արարողությունը նոյեմբերի 18-ին վերաճեց ժողովրդական տոնախմբության: Իրադարձությունը նշանավորվեց նաեւ 25 երեխաների կնունքով: Նույն օրը, ի թիվս հայաստանյայց առաքելական բոլոր եկեղեցիների, պատարագ մատուցվեց նաեւ Գավառի Սբ.Կարապետ եկեղեցում` ձեռամբ Գեղարքունյաց թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի:




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ