ԳԱՎԱՌ, 19 ՆՈՅԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գավառ քաղաքում հիմնանորոգվեց եւ վերաբացվեց Սուրբ Կարապետ եկեղեցին, որը 106 տարվա լռությունից հետո իր դռները բացեց հավատավոր մարդկանց առջեւ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունյաց թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը` 1906 թվականին Գավառի Սբ. Աստվածածին եկեղեցու շինարարությունից եւ գործող եկեղեցի դառնալուց հետո Սբ. Կարապետը, որը բայազետցիները Բարսեղ Արծրունի իշխանի հովանավորությամբ կառուցել էին 1848 թվականին, աստիճանաբար լքվում եւ անուշադրության է մատնվում:
«Խորհրդային կարգերի փլուզումից հետո` մեր ժողովրդի հոգեւոր վերածննդի ու ամրապնդման ժամանակներում, Սբ. Կարապետ եկեղեցին խոնարհ ու լուռ սպասում է նորոգության իր հերթին: Նորբայազետցիների առաջին հավատո տունը նորոգելու գաղափարի շուրջ Գավառ քաղաքում եւ դրա սահմաններից դուրս ապրող շուրջ 65 համաքաղաքացիների է համախմբում ծնունդով գավառցի Սամվել Սինանյանը: Եկեղեցու նորոգման աշխատանքները, որոնք սկսվում են այս տարվա մայիսից, ընթանում են նրա անմիջական հսկողության և ուշադրության ներքո` նոյեմբերի երկրորդ կեսին պատրաստ լինելով վերաօծման: Տեղադրվել է նաեւ եկեղեցու զանգակատունը, որը քանդվել եւ անհետացել էր խորհրդային ժամանակներում»,-ասաց Գեղարքունյաց թեմի առաջնորդը:
Բազիլիկ ոճի Սուրբ Կարապետ եկեղեցու վերաօծման արարողությունը նոյեմբերի 18-ին վերաճեց ժողովրդական տոնախմբության: Իրադարձությունը նշանավորվեց նաեւ 25 երեխաների կնունքով: Նույն օրը, ի թիվս հայաստանյայց առաքելական բոլոր եկեղեցիների, պատարագ մատուցվեց նաեւ Գավառի Սբ.Կարապետ եկեղեցում` ձեռամբ Գեղարքունյաց թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի: