Հասարակական

Համաշխարհային հայկական կոնգրեսի համագումարում Սերժ Սարգսյանը խոսել է նաեւ Հայոց ցեղասպանության եւ ԼՂ հիմնախնդրի մասին

6 րոպեի ընթերցում

Համաշխարհային հայկական կոնգրեսի համագումարում Սերժ Սարգսյանը խոսել է նաեւ Հայոց ցեղասպանության եւ ԼՂ հիմնախնդրի մասին

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցեց «Համաշխարհային հայկական կոնգրես» հայկական միավորումների միջազգային միության համագումարին, որն ամփոփեց հիմնադիր համագումարից հետո` 2003-2012 թվականների գործունեությունը: «Սրտանց ողջունում եմ Համաշխարհային հայկական կոնգրես հասարակական կազմակերպությունների միջազգային միության երկրորդ համագումարի մասնակիցներին քաղաքամայր Երեւանում: Ուրախ եմ տեսնելու բազմաթիվ ծանոթների եւ ընկերների, որոնք հայրենիք են ժամանել աշխարհի տարբեր ծայրերից համահայկական խնդիրների օրակագրը ճշտելու եւ այդ խնդիրները բաց քննարկելու ցանկությամբ»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ բացման խոսքում ասաց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Նա իր վստահությունը հայտնեց, որ հիմնադրված բարեկամությունն ապագա է ունենալու, քանի որ համագումարի մասնակիցներին միավորում են շատ կարեւոր արժեքներ եւ զգացմունքներ, որոնք թույլ են տալիս հայ ժողովրդին անցնելու պատմության քառուղիներով` պահպանելով հայի տեսակը:

«Մենք հազարամյակներ ունենք առջեւում, որոնք անցնելու ենք միասին: Բոլորին սրտանց ցանկանում եմ ասել, որ բարով եք եկել Հայաստան, բարով եք եկել հայրենիք: Սփյուռքը համախմբելու յուրաքանչյուր նախաձեռնություն անհրաժեշտ է խրախուսել եւ փայփայել: Մենք սակավաթիվ ենք, ուստի պետք է պայքարենք յուրաքանչյուր հային հայ պահելու համար, որպեսզի դիմագրավենք ուծացման վտանգին»,-շեշտեց նախագահը: Նրա խոսքով` հենց այդ պատճառով պետք է խրախուսվի ազգային ինքնակազմակերպման եւ փոխադարձ օգնության բոլոր հնարավոր մեխանիզմները:

«Պետք է նշեմ, որ այդ ուռումով մենք, որպես ժովուրդ կարողացել ենք որոշակի հաջողություններ արձանագրել, դրանք հաջողություններ են, որոնք ոմանց հանգիստ չեն տալիս: Մենք դա անում ենք ոչ թե ուրիշներին գրգռելու, այլ մեր պետական եւ համազգային բնույթի հարցերը լուծելու համար»,- ասաց Սարգսյանը: Նա նշեց, որ այսօր աշխարհի չորս կողմերում գոյություն ունեցող բազմաբնույթ հասարակական կազմակերպությունների շնորհիվ է, որ մենք կարող ենք խոսել համաշխարհային հայկական քաղաքացիական հասարակության մասին, որտեղ առկա են եւ քաղաքական, եւ բարեգործական, եւ մշակութային, մասնագիտական կազմակերպություններ, որոնց հաջողություններով կարելի է հպարտանալ:

«Ոչ մեկին տրված չէ ճշմարտության, իմացության կամ արդարության մենաշնորհը, սակայն կարեւոր է, որ բոլորը ձգտեն միավորվեն այդ սկզբունքների, ոչ թե սեփական տեսակետի պարտադրանքի շուրջ: Քաղաքացիական հասարակության ամբողջ ուժն իր բազմազանության մեջ է, եւ մենք պետք է ամեն ինչ անենք այդ բազմազանությունը պահպանելու ու խրախուսելու համար»- նշեց նախագահը:Նա համոզված է, որ ոչ պետությունը կարող է փոխարինել քաղաքացիական հասարակությունը եւ ոչ էլ հակառակը, այլ պետությունը եւ քաղաքացիական հասարակությունը ուժեղ են միմյանց ամպապնդելով եւ զորակցելով:

«Աշխարհի շատ ժողովուրդների ներկայացուցիչներ ապրում են իրենց հայրենիքից դուրս եւ հայերի պարագայում այդ իրավիճակն ազատ ընտրության եւ ավելի լավ կյանք փնտրելու պատճառով չի ստեղծվել, այլ ցեղասպանության եւ հայրենազրկման պատճառով»,- նշեց Սարգսյանը: Մոտենում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, եւ, նախագահի խոսքով, մեր ժողովրդի դեմ կատարված հանցագործությունը դեռեւս պետք է ստանա իր արժանի գնահատականը:«Հայոց պետությունը եւ հայոց համաշխարհային քաղաքացիական հասարակությունը ասելիք ունեն այս խնդրի շուրջ, սակայն դա մեր օրակարգի միակ հարցը չէ: Մենք պաշտպանեցինք Արցախը մեզ պարտադրված պատերազմում այժմ ժամանակն է հաստատել արդարությունը դիվանագիտության դաշտում, որտեղ եւս մենք աշխատում ենք ձեռք ձեռքի տված»,- նշեց նա:

Նա շեշտեց նաեւ, որ այսօր Սիրիայի մեր եղբայրները եւ քույրերը հայտնվել են ծայրահեղ ծանր կացության մեջ, ու մենք զորակից ենք նրանց:«Շատ բան ենք արել, բայց դեռ ավելին ունենք անելու: Վստահ եմ, անելու ենք, եւ մեզանից յուրաքանչյուրն ասելիք ու անելիք ունի, մաղթում եմ համագումարի մասնակիցներին արգասաբեր աաշխատանք»,- ավարտեց իր խոսքը հանրապետության նախագահը:

«Կոնգրեսի պատվարժան անդամներ հայրապետական սիրով մեր ողջույնն ու օրհնությունն ենք բերում ձեզ եւ միության բոլոր անդամներին, կազմակերպիչներին եւ մասնակիցներին, որ վերստին համախմբվել եք հայրենիքում»,- ասաց Ն.Ս. Տ.Տ. Օ. Գարեգին Բ կաթողիկոսը:

Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը նշեց, որ հայկական կոնգրեսի գլխավոր խնդիրներից մեկը աջակցությունն էր Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման, նրա հետեւանքների վերացման գործընթացներին:

Կոնգրեսն իր գործունեության 9 տարիների ընթացքում գործունեություն է ծավալել բոլոր ոլորտներում, ակտիվորեն համագործակցելով ՀՀ սփյուռքի նախարարության, Գիտությունների ազգային ակադեմիայի այլ կարեւոր կառույցների հետ:Համաշխարհային հայկական կոնգրեսի երկրորդ համագումարին ներկա էին 147 պատվիրակներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում