Հարցազրույց

Հայաստանը կարող է մասնակից լինել երկրագնդի վրա անվտանգության տարբեր խնդիրների լուծմանը

6 րոպեի ընթերցում

Հայաստանը կարող է մասնակից լինել երկրագնդի վրա անվտանգության տարբեր խնդիրների լուծմանը

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բանակի նկատմամբ հասարակության վստահության բարձրացման, աճող սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակության, անցնող տարում պաշտպանության նախարարության ձեռքբերումների ու բացթողումների շուրջ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը դեկտեմբերի 16-ին ճեպազրույց է ունեցել լրագրողների հետ: «Արմենպրես»-ը ներկայացնում է այն ամբողջությամբ:

-Ինչպես եք գնահատում ռազմահայրենասիրական ոգին մեր բանակում` ամփոփելով անցնող տարին:

-Բանակի ոգու եւ ստորաբաժանումներում տիրող բարոյահոգեբանական վիճակի ուղղությամբ տարվող աշխատանքները մշտական են: Եթե այսօր ՀՀ զինված ուժերը, հայ զինվորը բարձր մակարդակով իրականացնում են իրենց խնդիրը մանավանդ սահմանների պաշտպանության ուղղությամբ, մարտական հերթապահության ժամանակ այդքան դժվարին պայմաններում կարողանում են դիտարկել, պահպանել մեր սահմանները, անհրաժեշտության դեպքում արձագանքել, պատասխան տալ, նշանակում է` մեր զինվորի ոգին այսօր բարձր մակարդակի վրա է: Մի հանգամանք, մի իրողություն, որ ոչ միայն այսօր է ձեւավորվել, այլ պատմության ընթացքում, մանավանդ Արցախյան գոյապայքարի, հանուն որի մենք կարողացել ենք հասնել հաղթանակների: Դա մեր որակական պատրաստությունն է, մեր ստորաբաժանումներում տիրող մարտական ոգին:

-Անցնող տարվա փորձից ելնելով` ինչ չպետք է անել հաջորդ տարում: Ինչ բացթողումներ ունեցանք:

-Կարծում եմ` 2011-ի փորձից ելնելով 2012–ին մենք պետք է կատարելագործենք յուրաքանչյուրի պարտականությունների կատարումը, մանավանդ ՊՆ - զինվոր շղթայի մեջ ընկած բոլոր օղակներում: Շատ դեպքերում մենք ունենում ենք թերություններ, բացթողումներ, որ վերադասի կողմից տրված ցուցումները կամ նույն բովանդակությամբ են կատարվում, կամ պարզապես ինչ-որ մաս անտեսվում է, մոռացվում: Մենք բոլորս գիտակցում ենք` այդ միջոցառումները պետք է լրացվեն, բազմապատկվեն, որպեսզի մինչեւ վերջին օղակն ընկած հատվածը լիարժեքորեն իրականացվի:

-Ինչ միջոցառումներ են իրականացվում, որպեսզի հասարակության վստահությունը բանակի հանդեպ մեծանա, որպեսզի մայրն իր զինվորին հանգիստ ուղարկի բանակ:

-Առաջինը այն խնդիրներն են, որոնք դրված են բանակի առջեւ, բանակի մարտունակության ապահովումը, որի շրջանակներում իրականացնում ենք միջոցառումներ, որոնք բարձրացնում են մեր ազգային երաշխիքները: Դա մեր ներսում գերազանցությունն է մեր հարեւանների նկատմամբ. մենք կարող ենք ուժերի հավասարակշռության եւ շատ դեպքերում ավելիի` ոգու եւ որակական ցուցանիշների ավելի բարձր լինելու շնորհիվ մեր առջեւ դրված խնդիրներն իրականացնել, միջազգային երաշխիքներն են, որոնք բարձրացնում են միջազգային ասպարեզում մեր վարկը եւ ցույց տալիս աշխարհին, որ մենք կարող ենք մասնակից լինել երկրագնդի վրա տիրող անվտանգության տարբեր խնդիրների լուծմանը: Ամենակարեւորը կարգապահությունն է նաեւ, չնայած փոքր-ինչ լարվածությունից լինում են որոշակի խնդիրներ, մեկընդմերթ լինում են այս կամ այն տիպի տարբեր պատահարներ, բայց ուզում եմ տեղեկացնել մեր հասարակությանը, որ կարգապահության ամրապնդման ուղղությամբ տարվող աշխպատանքները ցույց են տալիս. այն տարեցտարի ամրապնդվում է: Մենք նախորդ տարվա համեմատ ունենք առաջընթաց, հաջողություններ, որով իհարկե յուրաքանչյուր բանիմաց մարդ երբեւիցե չի կարող բավարարվել: Մենք չենք բավարարվում: Հաջորդ տարի ավելի հետեւողական եւ ավելի խիստ ենք աշխատելու:

-Ինչ կասեք Եղնիկներում տեղի ունեցած վերջին դեպքի հետ կապված, երբ զինվորի աչքը վնասվել էր:

-Այդ ուղղությամբ արդեն իսկ միջոցներ ենք ձեռնարկում քրեական պատասխանատվության եւ նաեւ ադմինիստրատիվ պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Տվյալ ենթասպան օրենքի շրջանակներում խիստ պատասխանատվության կենթարկվի:

-Նախորդ տարի դուք զինկոմներին հանձնարարականներ տվեցիք եւ ասացիք, որ տեղափոխություններ կլինեն:

-Իհարկե, եղան: Կադրային աշխատանքները պաշտպանության նախարարի համար մշտական աշխատանքներ են, եւ պարտադիր չէ, որ ես ամեն տեղ հայտարարեմ, թե ես ինչ եմ կատարում: Յուրաքանչյուր շաբաթ այդ ուղղությամբ իմ կողմից համապատասխան աշխատանքներ են արվում:

-Պարոն նախարար, թեեւ դեռ ժամանակ կա, սակայն կցանկանայինք լսել Ձեր մաղթանքը:

-Մեր հանրապետության նախագահի հետ Ամանորի նախօրեին մենք այցելելու ենք զորամասեր, եւ ոչ միայն Ամանորի նախօրեին, այլ յուրաքանչյուր օր, յուրաքանչյուր ժամ, րոպե եւ վայրկյան ես իմ զինվորներին, ծառայակից ընկերներին մշտապես ցանկանում եմ քաջառողջություն, անձնական ընտանեկան երջանկություն, հաջողություններ մեր սրբազան գործում, իրականացվող խնդիրների ժամանակ, որոնք առաջին հերթին ուղղված են մեր սահմանների պաշտպանությանը, մեր երկրի անվտանգությունն ապահովելուն: Ամենակարեւորը, ես ուզում եմ մեր ունեցած ձեռքբերումները, զինվորի, ստորաբաժանման կողմից ձեռք բերված հմտությունները, ունակությունները, ներդաշնակման մակարդակներն օգտագործվեն միայն զորավարժությունների ժամանակ: Դրանցում ցույց տրված արդյունքներն ամենակարեւոր կանխարգելիչ միջոցառումներն են ցանկացած ագրեսիայի դիմագրավելու համար:

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում