Մարզային

Բերքառատցիներն արդեն եկեղեցի ունեն

1 րոպեի ընթերցում

Բերքառատցիներն արդեն եկեղեցի ունեն

ԱՇՏԱՐԱԿ, 17 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արագածոտնի մարզի Բերքառատ գյուղում կայացավ եկեղեցու բացման արարողություն: Իրադարձություն, որին տասնամյակներ շարունակ սպասել էին բերքառատցիները, քանի որ շուրջ 40-50 տարի է, ինչ այստեղ չի եղել սեփական աղոթատեղի: Մինչ այդ իբրեւ այդպիսին ծառայել է մի փոքրիկ մատուռ, որը, սակայն, ավիրվել է ու այլեւս չի վերանորոգվել:

Սուրբ Նշան անունը կրող նոր եկեղեցու բացման արարողությանը ներկա էին մարզպետ Սարգիս Սահակյանը, ԱԺ պատգամավոր Լյովա Խաչատրյանը, հոգեւոր աշխարհի ներկայացուցիչներ, հյուրեր հարեւան համայնքներից եւ մայրաքաղաքից:

Եկեղեցու օծումը կատարվեց Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի կողմից, որին հաջորդեցին շնորհավորանքի խոսքերն ու բարեմաղթանքները: Կարեւորելով սեփական աղոթատեղի ունենալու հանգամանքը' մարզպետը շնորհակալություն հայտնեց բարերար, ծնունդով բերքառատցի, ներկայում արտերկրում իր գործունեությունը ծավալող Արսեն Ամիրխանյանին, ում նախաձեռնությամբ եւ հովանավորությամբ կառուցվել է Սուրբ Նշանը:

Հանդիսավոր ելույթներից, շնորհավորանքի խոսքերից հետո ծայր առավ ժողովրդական տոնախմբությունը' իր երգ ու պարով, ազգային ծիսակատարություններով: Վերջում ողջ գյուղը մասնակից եղավ մատաղի մատուցման արարողությանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում