Մարզային

Սեպտեմբերի 8-ին կվերաբացվի Կոտայքի մարզի Չարենցավանի քաղաքային գրադարանը

2 րոպեի ընթերցում

Սեպտեմբերի 8-ին կվերաբացվի Կոտայքի մարզի Չարենցավանի քաղաքային գրադարանը

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեպտեմբերի 8-ին կվերաբացվի Կոտայքի մարզի Չարենցավանի քաղաքային գրադարանը: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց գրադարանի տնօրեն Անահիտ Խեչոյանը, Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան աջակցությամբ հիմնանորոգվել է գրադարանի ցուցասրահը, ձեռք է բերվել գույք, համակարգիչներ:

«Գրադարանի վիճակն անմխիթար է եղել, այսօր մեր ընթերցողների համար ստեղծվել են բարենպաստ պայմաններ: Տեղի իշխանությունների աջակցությամբ լուծվել է նաեւ ջեռուցման հարցը»,-ասաց Ա. Խեչոյանը: Ընթերցասրահի հիմնանորոգման եւ գույքի ձեռքբերման համար հատկացվել էր 8 մլն դրամ: Չարենցավանի քաղաքային գրադարանում պահվում է 40 հազար գիրք, որն, ըստ Ա. Խեչոյանի, շատ քիչ է: Նրա խոսքով, գրադարանը ֆինանսական միջոցներ չունի ֆոնդը պարբերաբար թարմացնելու համար: «Գրադարանի համար նաեւ խնդիր է գրքերի պահպանման հարցը: Այսօր անմխիթար վիճակում է գրապահոցը, այն նույնպես վերանորոգման կարիք ունի»,-ասաց Ա. Խեչոյանը: Գրադարանի վերաբացմանը մասնակցելու է նաեւ Հրատարակիչների ազգային ասոցիացիան:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հրատարակիչների ազգային ասոցիացիայի գործադիր տնօրեն Վահան Խաչատրյանը նշեց, որ հանդիպում են ունենալու գրադարանի աշխատակազմի հետ, քննարկվելու են առկա խնդիրները: Վ. Խաչատրյանի խոսքով, ներկայացվելու է նաեւ վերջին 3 տարիներին Հայաստանում հրատարակված լավագույն 1000 անուն գրքերի անվանացանկը, որպեսզի գրադարանը հեշտ կողմոնորոշվի հետագայում գիրք ձեռք բերելու հարցում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում