Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Նախկին զինվոր. «Ադրբեջանի բանակում համատարած կաշառակերություն է տիրում»

Նախկին զինվոր. «Ադրբեջանի բանակում համատարած կաշառակերություն է տիրում»

ԲԱՔՈւ, 27 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանական բանակի նախկին զինվոր Զաուր Գուրբանը սեփական բլոգում լուսանկարներով ռեպորտաժ է զետեղել զինվորական պարեկային սպաներ պատրաստող Հեյդար Ալիեւի անվան լիցեյում առկա կաշառակերության եւ իր զինվորական ծառայության ժամանակ տեսածների մասին:

 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ենի Մուսավաթ»-ը, բլոգերը գրում է. «Մոտակայքում կանգնած «UAZ»-ի մոտ մի մայոր եւ մի կապիտան կանգնեցնում էին Հեյդար Ալիեւի անվան զինվորական պարեկային լիցեի՝ մեկ օրով արձակուրդ ստացած կուրսանտներին եւ, թեեւ նրանց փաստաթղթերը կարգին էին, սպառնալով, որ ինչ-որ թերություններ կգրանցեն փաստաթղթում, կուրսանտներից յուրաքանչյուրից 20 մանաթ փող էին կորզում: Նշանակում է` հենց սպաներն են այժմվանից խոչընդոտում եւ փչացնում ազնիվ ու կարգապահ սպաներ աճեցնելու գործը: Իմ հետեւած 30 րոպեների ընթացքում, այդ երկու սպաները 10 կուրսանտներ կանգնեցրեցին: Դա նշանակում է, որ 30 րոպեում նրանք 200 մանաթ փող հավաքեցին:

 

Դրա հետեւանքն էլ այն է, որ այսօր սեփական բանակում կաշառք տալուն սովոր կուրսանտը ճակատում հեշտությամբ կվաճառի իր ձեռքում եղած գաղտնի տեղեկությունները»: Սեփական ծառայության մասին բլոգերը գրում է. «Ծառայում էի ճակատային զորամասերից մեկում: Այդտեղ 450-ից ավելի զինվոր կային: Ժամանակ հետո զորամասը տեղափոխվեց թիկունք: Բայց այդտեղ բերեցին զինվորներից միայն 250-ին: Դրանք այն զինվորներն էին, ովքեր 1000-1500 մանաթ էին վճարել՝ թիկունք տեղափոխվելու համար: Ես այդ ցուցակում հայտնվել էի, որովհետեւ տեղափոխման ժամանակ հոսպիտալում էի գտնվում:

 

Զորամասում այդ գործով զբաղվում էին կադրերի բաժնի կապիտան Էլշան Աբդուլաեւը եւ կապիտան Ալիեւը: Է. Աբդուլլաեւը սակագին էր սահմանել զինվորներին մի ծառայությունից մյուսը տեղափոխելու համար. բժշկական կետ՝ 2000 մանաթ, շտաբ՝ 1500-2000 մանաթ, ստեղծագործական բաժին՝ 1500 մանաթ, մթերքների պահեստ՝ 1200-1500 մանաթ, ոչ պատասխանատու բաժիններ գցելու համար՝ 800-1500 մանաթ: Նման անբարո եւ կաշառակեր սպաներից մեկն էլ 2-րդ ճամբարի շտաբի պետ, մայոր Սերվան Աբասովն է: Սա հայտնի է ոչ միայն զինվորներին ծեծ ու հայհոյանքներ տալով, այլեւ նրանց մայրերին ու քույրերին զանգահարելով, կեղտոտ առաջարկներ անելով: Բժշկական կետում սարսափելի հակասանիտարական վիճակ է տիրում: Բժշկական ծառայության մայոր Բեքիր Ահմեդովը շատ կոպիտ է վերաբերվում հիվանդ զինվորների հետ:

 

Վիրակապերն ու սպիտակեղենը ժամանակին չեն փոխվում: Բժշկակետը վերածվել է ոջլանոցի: Մայոր Ահմեդովը եւ գլխավոր լեյտենանտ Իսմայիլովը ծառայել չցանկացող զինվորին որոշակի փողի դիմաց տեղավորում եւ երկար ժամանակ պահում են այդտեղ: Իսկ իրականում հիվանդ եւ բուժման կարիք ունեցող զինվորների նկատմամբ անտարբերություն է ցուցաբերվում: Ճաշարանում սննդի որակը չի ստուգվում: Պարզապես նշումներ են կատարվում՝ որակը բավարար լինելու մասին: Զինվորների սպիտակեղենը եւ ներքնաշորերը փոխվում են 6 ամիսը մեկ: Զորանոցները լի են ոջիլներով: Ենթասպաներն էլ են վատ վերաբերվում զինվորների հետ: Օրինակ, ենթասպա Սաֆա Գուլիեւը զինվորներին տանջանքների ենթարկելուց հաճույք է ստանում:

 

Ճաշարանում վերակարգում գտնվող զինվորներին նա ստիպում է վազել՝ ձեռքում մեծ կաթսա բռնած, իրար հետ կռվել՝ սեղանների տակ: Անհնազանդ «մեղավորերին» տանում է մայոր Ազեր Բայրամովի եւ դաստիարակչական բաժնի պետ, կապիտան Սամիր Մեմմեդովի մոտ, ովքեր չեն քաշվում ստորացնել զինվորներին եւ վերջիններս փոշմանած վերադառնում են՝ հնազանդորեն կատարելու ենթասպա Գուլիեւի հրամանները: Նման սպաներից մեկն էլ գլխավոր լեյտենանտ Յաշար Իսմայիլովն է: Նա նույնպես հայտնի է զինվորներին ստորացնելու եւ հոգեբանական ճնշում գործադրելու իր գործերով:

 

Զորամասի՝ Լենքորանում տեղակայված տարածք հաճախակի են զինվորներ գործուղվում: Մայոր Ազեր Բայրամովը, իր ենթակայության տակ գտնվող զինվորներին այնտեղ գործուղելու համար յուրաքանչյուրից 50-70 մանաթ փող է վերցնում: Փողի գործոնն օգտագործվում է նաեւ զինվորներին արձակուրդ ուղարկելու համար: Փողով կարելի է ծառայության ընթացքում 2-3 անգամ արձակուրդ գնալ»: «Իմ բերած փաստերը բավարար են, որպեսզի պաշտպանության նախարարությունը հետաքննություն սկսի», -ասել է Զ.Գուրբանը:

 

Վերջում նախկին զինվոր-բլոգերը հարցով դիմում է խորհրդարանի պատգամավորներին եւ կառավարող «Ենի Ազերբայջան» կուսակցության անդամներին. «Սա՞ է ծառայությունը՝ ձեր ամեն օր նկարագրած գերզարգացած բանակում: Սա՞ է բանակի բարձր մարտական ոգին: Կյանքը փրկելու համար զինվորներն օրերն են հաշվում»: «Սա՞ է ադրբեջանցիների տղամարդկության դպրոցը», -հարցնում է զինվորական ծառայությունը մի կերպ հաղթահարած ադրբեջանցի երիտասարդը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]