Մշակույթ

Բացվեց «Հեքիաթների աշխարհում» թեմայով համահայկական մանկական աշխատանքների ցուցադրությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղագիտական ազգային կենտրոնի ցուցասրահում այսօր պաշտոնապես բացվեց «Հեքիաթների աշխարհում» մանկական նկարի համահայկական մրցույթ-փառատոնին ներկայացված աշխատանքների ցուցադրությունը:

Ինչպես նշեց պատկերասրահի տնօրեն Լեւոն Իգիթյանը, «Հեքիաթների աշխարհում» մանկական նկարի համահայկական մրցույթ-փառատոնի նպատակն է նպաստել Սփյուռքում մանկական ստեղծագործական գործունեությանը եւ առավել շնորհալի մանուկների հայտնաբերմանը, ինչպես նաեւ խրախուսել հայկական մանկական գրականության իմացությունը եւ հետաքրքրությունը գեղանկարչության հանդեպ:

«Առաջին անգամ մեր նոր պատմության մեջ մենք փորձ ենք կատարել առավելագույնս շատ հայ երեխաների ընդգրկել այս ցուցահանդեսին: Պետք է ստեղծագործական ներուժը միացյալ դարձնենք, քանի որ անտաղանդ հայ աշխարհում չի ծնվում. դա մեր պատմությունն է ապացուցել»,- ասաց նա: Հայաստանի կրթության եւ գիտության նախարարության Կրթության ազգային ինստիտուտի տնօրեն Նորայր Ղուկասյանը նշեց, որ Հայկական հեքիաթներին նվիրված մրցույթ-փառատոնին մասնակցել է 6-12 տարեկան շուրջ 1000 աշակերտ Հայաստանից, Արցախից, ԱՄՆ-ից, Արգենտինայից, Բուլղարիայից, Բելառուսից, Բրազիլիայից, Եգիպտոսից, Թուրքիայից, Իրանից, Իսպանիայից, Լիբանանից, Ղազախստանից, Մեծ Բրիտանիայից, Նիդերլանդներից, Ուկրաինայից, Ուզբեկստանից, Շվեյցարիայից, Ռուսաստանից, Սիրիայից, Վրաստանից, Քուվեյթից եւ Ֆրանսիայից:

Մրցույթն անցկացվում է երկու փուլով: Առաջին փուլին էլեկտրոնային տարբերակով ներկայացվել է շուրջ 1000 նկար` 26 երկրից: Ցուցահանդեսին ներկայացվելու համար մասնագիտական հանձնաժողովի կողմից ընտրվել են 180 լավագույն աշխատանքներ: Երկրորդ փուլում մասնակիցները կներկայացնեն իրենց աշխատանքների բնօրինակները, որի հաղթողները կարժանանան 3 հիմնական եւ 7 խրախուսական մրցանակների: Արդյունքները կհայտարարվեն 2010 թ-ի սեպտեմբերի 21-ին: Մրցույթ-փառատոնի կազմակերպման աջակցում է «ԱրմենՏել» ՓԲԸ-ն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում