Մշակույթ

Հայ շնորհալի պատանիները Սպիվակովի 80 ամյակը նշանավորել են համերգով

2 րոպեի ընթերցում

Հայ շնորհալի պատանիները Սպիվակովի 80 ամյակը նշանավորել են համերգով

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային գրադարանի թումանյանական մեծ դահլիճում սեպտեմբերի 20-ին տեղի ունեցավ «Մաեստրո» մշակութային կազմակերպության «Բյուր աստղ» համերգաշարի հեթական համերգը՝ նվիրված անվանի ջութակահար եւ դիրիժոր Վլադիմիր Սպիվակովի ծննդյան 80 ամյակին եւ նրա հիմնադրած միջազգային բարեգործական հիմնադրամի 30 ամյակին։

Ողջույնի խոսքով հանդես եկավ «Մաեստրո» միջազգային ՀԿ-ի նախագահ, «Բյուր աստղ» հիմնադրամի Հայաստանի ներկայացուցիչ Վարդուհի Գեւորգյանը։

«Համերգի նպատակն է ծանոթացնել ունկնդրին՝ ազգային եւ համաշխարհային երաժիշտների արվեստի գոհարներին՝ պատանի երաժիշտների կատարմամբ»,-նշեց Գևորգյանը:

Նա անդրադարձավ նաեւ Վլադիմիր Սպիվիակովի գործունեությանը Հայաստանում։ 

Անվանի ջութակահարը ձեռք է բերել երաժշտական նվագարաններ եւ դրանցով ապահովել այն հայ շնորհալի պատանիններին, որոնք հնարավորություն չունեին ձեռք բերելու այդ երաժշտական գործիքները։ 

1994թ.-ին Վլադիմիր Սպիվակովը հիմնադրել է «Բյուր աստղ» բարեգործական հիմնադրամը՝ կրկին օժանդակելու պատանի երաժիշտների առաջընթացին։ Սա «Բյուրաստղ» ծրագրի 9-րդ համերգն էր։ 

2004թ.-ին հիմնադրել է «Մոսկվան դիմավորում է բարեկամներին» միջազգային փառատոնը։ Փառատոնի շնորհիվ Մոսկվայում ներկայացվել են տաղանդաշատ երաժիշտների եւ նկարիչների աշխատանքներ։ 

Համերգի մասնակիցներն էին այն շնորհալի պատանիները, որոնք անցել են նախընտրական փուլը եւ դարձել «Մոսկվան դիմավորում է բարեկամներին» 21-րդ միջազգային փառատոնի մասնակից։ Փառատոնը կայանալու է 2024թ.-ի հոկտեմբերին Մոսկվայում։

Համերգի ընթացքում ցուցադրվել են նաև «Univers Art» մրցույթի հաղթողների գեղարվեստական աշխատանքները, որոնք արժանացել են մեծ մրցանակների եւ Վլադիմիր Սպիվիակովի հիմնադրամի հատուկ մրցանակի։

Սվետլանա Մարտիրոսյան

Մերի Ղազարյան

Լուսանկարները՝ Ռոբերտ Մուրադյանի

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում