ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային գրադարանի թամանյանական մեծ դահլիճում սեպտեմբերի 20-ին տեղի ունեցավ «Հայ-եվրոպական գրական-թարգմանական կապեր» խորագիրը կրող հանրային բանախոսությունը: Գրականագետ, ԵՊՀ դոցենտ Երվանդ Տեր-Խաչատրյանը, անցկացնելով «ճանապարհորդություն» եվրոպական երկրներում, ներկայացրեց եվրոպական գրականությունից թարգմանված և չթարգմանված գործեր, աշխատություններ, տարբեր երկրների դիտանկյուններից ցույց տվեց ստեղծագործությունների նկարագրերը, և թե ով ինչպես է ընկալում։ Անդրադարձ կատարվեց գրականության լեզվի խնդիրներին ևս։
Միջոցառումը անցկացվում է Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում, որը ամեն տարի իրականացվում է Եվրոպական մշակութային կոնվենցիային միացած 50 եվրոպական երկրներում՝ սկսած 1984 թվականից։ Բանախոսությունը կազմակերպել էր Հայաստանի ազգային գրադարանի Գրատպության թանգարանը։
Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում ազգային գրադարանի թամանյանական մեծ ցուցասրահում բացվել է եվրոպական գրականության հատընտիր նմուշների ցուցադրություն։ Այն կտևի մինչև սեպտեմբերի վերջ, որից հետո որոշ փոփոխություններով կրկին կլինի ցուցասրահում։ Ցուցադրության մուտքն ազատ է։
Ստելլա Կիրակոսյան