Հայաստան

Քրեական ենթամշակույթ կրող խմբավորումն իրականացրել է դրամական միջոցների անօրինական հավաքագրում

3 րոպեի ընթերցում

Քրեական ենթամշակույթ կրող խմբավորումն իրականացրել է դրամական միջոցների անօրինական հավաքագրում

Քրեական վարույթով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Ա.Ա.-ն և քրեական աստիճանակարգություն ունեցող Ա.Ա.-ն մասնակցել են քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ա.Ջ.-ի կողմից ղեկավարվող անձանց միավորմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից՝ ներկայացնելով մանրամասներ:

«Մասնավորապես՝ Ա.Ա.-ն մասնակցելով Ա.Ջ.-ի կողմից ղեկավարվող քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը, վերջինիս հանձնարարությամբ 2023-2024 թվականների ընթացքում իրականացրել է դրամական միջոցների հավաքագրում, ինչի արդյունքում ձեռք բերված անօրինական եկամուտը տնօրինվել է Ա.Ջ.-ի կողմից և ուղղվել ՀՀ-ում գտնվող տարբեր կալանավայրեր:

Բացի այդ, Ա.Ա.-ն 2024 թվականի հունվարի 11-ին տեղեկանալով 2023 թվականի դեկտեմբերի 18-ին Ալավերդի քաղաքի թաղամասերից մեկում երկու անձանց միջև դանակահարության դեպքի մասին, ստանձնել է նշված մասնավոր հարցի լուծումը:

Ա.Ա.-ն շարունակելով մասնակցել քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը՝ 2024 թվականի հունվարի 20-ին կապ է հաստատել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող Ա.Ա.-ի հետ և ներկայացնելով վերը նշված մասնավոր վեճը, վերջինիս միջոցով Ա.Ջ.-ից թույլտվություն է ստացել, որ վիճաբանության կողմերից մեկը բռնության, սպառնալիքի, հարկադրանքի կամ անօրինական այլ գործողությունների միջոցով, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման կողմից սահմանված ու ճանաչված վարքագծի կանոնների համաձայն լուծի վեճը»,- նշված է ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ: 

Հանրային քրեական հետապնդում է հարուցվել Ա.Ա.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով (քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելը կամ ներգրավելը), Ա.Ջ.-ի նկատմամբ՝  322-րդ հոդվածի 1-ին մասով (քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալը կամ ստանալը կամ պահպանելը) և 323-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելը կամ ղեկավարելը), Ա.Ա.-ի նկատմամբ՝ 322-րդ հոդվածի 1-ին մասով (քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ տալը կամ ստանալը կամ պահպանելը) և 324-րդ հոդվածի 3-րդ մասի 5-րդ կետով  (քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելը կամ ներգրավելը): 

Վերջիններիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը: 

Ա.Ա.-ի մասով քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և, ըստ էության, քննության առնելու համար դատարան ուղարկելու:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում