ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջին հայացքից թեթև սիրախաղ, որ կարճ ժամանակում վերածվում է գեղեցիկ զգացմունքի։ Կամերային թատրոնի դերասաններ Զիրոյանին և Սոնա Մաթևոսյանին հաջողվել է կնոջ և տղամարդու ոչ ստանդարտ հարաբերությունները վառ գույներով, կատակերգական ու դրամատիկ դրսևորումներով հանդիսատեսին մատուցել Արա Երնջակյանի «Հոբելյանական հաճախորդ» պիեսի համանուն ներկայացմամբ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ դերասաններն իրենց կերտած կերպարների միջոցով անկեղծ սիրում են, հիասթափվում են, նյարդայնանում և ափսոսում են, հիշում և հիշեցնում՝ կյանքը կարճ է, անհրաժեշտ է վայելել ամեն վայրկյանը։
Անսպասելի հանգուցալուծումներով և վերջաբանով ներկայացումն ավելի քան տասը տարի առաջ բեմադրել է հենց ինքը՝ պիեսի հեղինակ Արա Երնջակյանը։ Հերոսներին մարմնավորել են Արշալույս Հարությունյանն ու Քեթրին Մանասյանը։
Ներկայացման վերաբեմադրումը Երնջակյանը վստահել է թատրոնի դերասան և ռեժիսոր Ժորա Մարտիրոսյանին։
«Հաճելի էր, որ ստացա հենց այս պիեսը վերաբեմադրելու առաջարկը։ Շատ պարտավորեցնող էր, որովհետև ֆանտաստիկ արտիստներ են խաղացել ներկայացման մեջ, և այն մեծ հաջողություն է ունեցել, իսկ պիեսի հիման վրա նկարահանված ֆիլմում խաղացել են Լուիզա Ներսիսյանն ու Դավիթ Քացարավան։ Իսկապես պատասխանատվության զգացումը բարձր էր, քանի որ շատերն են դիտել թե՛ ներկայացումը, թե՛ ֆիլմը և կգան դիտելու վերաբեմադրված տարբերակը»,-ասում է Մարտիրոսյանն ու հավելում՝ դրամատուրգիան իր ձևն արդեն ունի, տեսարանների հերթականությունը, հոգեվիճակների փոփոխությունն արդեն կան, հումորը, դրաման։
Ըստ նրա՝ այդ ամենից խուսափել հնարավոր չէր և հարկավոր էլ չէր, քանի որ ամեն բան ներդաշնակ է։
Ժորա Մարտիրոսյանին շատերը ճանաչում են որպես դերասանի, սակայն «Հոբելյանական հաճախորդ»-ը նրա առաջին ներկայացումը չէ։ Նախորդ տարի երիտասարդ ռեժիսորը Կամերային թատրոնում բեմադրել է «B1427» դետեկտիվ ներկայացումը։ Այն առաջին նման ժանրի ներկայացումն է Կամերայինում։
Նա կարծում է՝ հանդիսատեսն արդեն կարող է ճանաչել իր ձեռագիրը։ Օգտագործել է նույն երաժշտական, լուսային լուծումները, սակայն այս պարագայում առաջնային են կին և տղամարդ հարաբերությունները, որոնց հնարավոր չէ միջամտել հատուկ լուծումներով։ Մարտիրոսյանի խոսքով՝ այդ հարաբերությունները հավերժական են, իսկ տղամարդը երբեք չի կարող լիարժեք հասկանալ կնոջը։
Նա ուրախ է, որ աշխատել է Զիրոյանի և Սոնա Մաթևոսյանի հետ, քանի որ նրանց հրաշալի արտիստներ է համարում։ Ութ ամիս շարունակ աջակցել են միմյանց և լավ արդյունք ստացել։
Ներկայացման ընթացքում թե՛ Զիրոյանը, թե՛ Սոնա Մաթևոսյանը անընդհատ կերպարանափոխվում են։ Վստահաբար չեն ձանձրանում ո՛չ իրենք, ո՛չ հանդիսատեսը։ Նրանց հաջողվում է թատերասերներին աթոռին գամել ավելի քան մեկ ժամ երեսուն րոպե և տարբեր հույզեր պարգևել նրանց։
Զիրոյանը ներկայացումը գեղեցիկ, ինքնատիպ է համարում ու կարծում, որ այն շատերին դուր կգա։ «Ցանկացած կին և ցանկացած տղամարդ ինչ-որ բան կգտնեն ներկայացման մեջ, գուցե փշաքաղվեն ու լավ մտքերով տուն գնան, գուցե փորձեն ավելի լավ ապրել, վայելել ամեն վայրկյանը»,-նշում է դերասանն ու ընդգծում՝ փորձել են անել հնարավորը, որ բաց տեղ չմնա, և ոչ ոք չասի՝ նախորդ ներկայացումն ավելի լավն էր։ Նա հույս ունի՝ հանդիսատեսը կասի՝ նախորդն էլ էր լավը, ֆիլմն էլ է լավը, այս ներկայացումն էլ է լավը։
Նա սիրով է կերտել իր կերպարը։ Դերասանի համոզմամբ՝ կանանց և տղամարդկանց մտածելակերպը շատ տարբեր է։ «Տղամարդիկ փորձում են անել ամեն բան, որպեսզի չնեղացնեն իրենց առջև կանգնած կնոջը, աղջկան։ Շատ նուրբ պահեր կան ներկայացման մեջ, որոնք տղամարդ հանդիսատեսը կզգա, կհասկանա։ Կերպարներն անուններ չունեն, ուղղակի կին ու տղամարդ են, և կարևոր չէ, թե որ ժամանակներն են։ Նրանց միջև նկարագրված կոնֆլիկտները միշտ են լինելու, պարզապես պետք է վայելել բոլոր պահերը»,-հորդորում է դերասանը։
Դահլիճը բուռն ծափահարություններով արձագանքեց ներկայացմանը, ինչը փաստեց՝ ստեղծագործական թիմի ջանքերը զուր չեն եղել։
Անժելա Համբարձումյան
Լուսանկարները տրամադրել է Երևանի կամերային թատրոնը