ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հաշմանդամային սպորտի հայկական ազգային ֆեդերացիան (ՀՍՀԱՖ) ամեն կերպ նպաստում Է Հայաստանում հաշմանդամային սպորտի զարգացմանը, միջոցառումներ Է անցկացնում եւ արդեն որոշ արդյունքների Է հասել: Ինչպես այսօր մամուլի ասուլիսում տեղեկացրեց ՀՍՀԱՖ-ի նախագահ Սամվել Ռոստոմյանը, կառույցի նպատակն Է զարգացնել եւ համակարգել հաշմանդամային սպորտը Հայաստանում, աջակցել հաշմանդամ մարզիկների կայացմանը եւ միջազգային մրցասպարեզում առաջատար դիրքերի ձգտմանը, դնել հաշմանդամային սպորտի նոր մարզաձեւերի հիմքերը, ստեղծել համապատասխան ակումբներ, կազմակերպել հավաքներ, մրցումներ, մշակել եւ իրագործել հաշմանդամային սպորտի ծրագրեր, համագործակցել այս առումով տարբեր շահագռգիռ կազմակերպությունների հետ:
Ֆեդերացիան ցանկանում է նաեւ օժանդակել բարձրակարգ մարզիկների կատարելագործմանը, համապատասխան մրցումների եւ միջոցառումների կանոնների եւ կանոնարգերի մշակմանն ու կազմակերպմանը: Կազմակերպությունը ստեղծվել Է 2009 թվականին: Ընթացիկ տարում ՀՍՀԱՖ-ն կազմակերպել Է 8 ուսումնամարզական հավաք, 2 ցուցադրական մրցաշար, սեղանի թենիսի, լեռնադահուկայիան սպորտի առաջնությունները, ապահովել Է Հայաստանի հաշմանդամ մարզիկների մասնակցությունը մի շարք մրցաշարերում, այդ թվում՝ 1 միջազգային:
Ս.Ռոստոմյանը նշեց, որ Հայաստանում հաշմանդամային սպորտը կարիք ունի պետական աջակցության, քանի որ ՀՍՀԱՖ-ն գործում Է Եվրամիության կողմից 127 000 եվրո հատկացված երկամյա ծրագրի հիման վրա: Նրա հավաստիացմամբ` ՀՍՀԱՖ-ն կարողացել Է իր միջոցներով նախատեսվածից շատ ավելի աշխատանք ապահովել:
ՀՍՀԱՖ-ն միջազգային CRISPA կազմակերպության անդամ Է, իր աշխատանքում հատուկ շեշտ Է դնում պարալիմպիկ մարզաձեւերի զարգացման վրա: Նա ասաց նաեւ, որ Հայաստանում գործող 166 մարզադպորոցներից ոչ մեկում չեն գործում հաշմանդամների խմբեր եւ միայն վերջերս հաջողվել Է 3 լողավազաններում ապահովել նրանց մարզումները: Ս.Ռոստոմյանի խոսքերով` ընթացիկ տարում նախատեսված են մի շարք տարբեր մրցումներ եւ միջոցառումներ եւս: Ամեն ինչ արվում Է, որ հաշմանդամային սպորտի 24 մարզաձեւերից շատերը ներկայացված լինեն Հայաստանում, առայժմ դրանց թիվը՝ 6-ն Է: