ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Օýելյա Կամավոսյան): Արագած լեռը
շրջագծող 163 կմ մայրուղիներում այսօր ժամը 15:00-ին սկիզբ առավ Հայաստանի
առաջին հանրապետության հռչակման օրվան նվիրված համազգային միասնության
շուրջպարը, որը տեւեց 15 րոպե: Նախատեսված մեկ շարքի փոխարեն մարդիկ պարում
էին երկու-երեք շարքով: Հասարակ գյուղացու կողքին Արագածի շուրջ այսօր պարեցին
նաեւ հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ԼՂՀ նախագահ Արկադի
Ղուկասյանը, այլ պաշտոնատար անձինք: Նրանց էին միացել նաեւ այլ ազգերի
ներկայացուցիչներ:
Առավոտ վաղ մայրաքաղաքից ու հանրապետության մարզերից մարդկանց խմբերը
«հազարապետերիե եւ «հարյուրապետերիե գլխավորությամբ տեղափոխվեցին
համապատասխանաբար այն հատվածները, որտեղ իրենք պետք է պարեին: Ավելի ուշ
սկսվեց այն մարդկանց հոսքը, ովքեր համազգային միջոցառմանը մասնակցելու էին
եկել սեփական նախաձեռնությամբ: Ժամը 14:00-ից սկսած մարդիկ առանց
պարուսույցների օգնության սկսեցին փորձել պարային շարժումները: Պարից հինգ
րոպե առաջ համահայկական ձեռնարկի մասնակիցներին իր օրհնության խոսքը բերեց
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն: Նրա համոզմամբ, ոգեշնչող ու խրախուսական
է աննախադեպ միջոցառման` շուրջպարի, նպատակը: «Միասնության շուրջպարը մեր
ժողովրդի համար թող դառնա ուխտավորի պարտքե,- ասաց նա` օրհնելով պարը
նախաձեռնողներին:
Հայրապետի խոսքից հետո հնչեց կոմիտասագետ Արթուր Շահնազարյանի կազմած,
երաժիշտ Արա Գեւորգյանի գործիքավորած ժողովրդական պարեղանակը: Նարնջագույն
գլխարկներ կրող մարդիկ ոգեւորությամբ պարում էին` հայկական երաժշտության տակ
մի քայլ առաջ, մի քայլ ետ շարժվելով: Ի սկզբանե ենթադրվում էր, որ ամեն մեկ
կիլոմետրի վրա կպարի 1000 հոգի, սակայն շարքերում մարդկանց խտությունը
խանգարում էր նրանց անգամ ազատ շարժվել: Համահայկական պարին մասնակցում էին
նաեւ արտերկրի հայ համայնքների ներկայացուցիչները:
Շուրջպարի ավարտից հետո դեպի Արագած տանող տարբեր հատվածներում տեղադրված
հարթակներում սկսվեցին համերգային ծրագրեր, որոնք շարունակվեցին մինչեւ ուշ
երեկո:
Որպես կանոն, համայնքի ղեկավար-«հազարապետերնե իրենց խմբի անդամների
համար նաեւ հյուրասիրություն էին կազմակերպել: Ամբողջ մայրուղու երկայնքով
գործում էին շտապօգնության եւ պետավտոտեսչության աշխատակիցները:
Շուրջպարի մասնակիցները ոգեւորված այս նախաձեռնությունից, նշում էին, որ
այս պարը խորհրդանշում է հայ ժողովրդի միասնությունը եւ այն իրենց բերել է
լեռան մոտ՝ եւս մեկ անգամ հավաստելու այդ:
Արագած լեռը շղթայող մայրուղիներն անցնում են Արագածոտնի եւ Շիրակի
մարզերի 106 համայնքների տարածքով, որոնց բնակիչները դեռ երեկվանից վրաններ
էին խփել լեռան լանջերին: Մայիսի 27-ից լեռանն ընդառաջ էին գնացել նաեւ
երիտասարդական կազմակերպությունները, բազում աշխատանքային կոլեկտիվներ,
ընտանիքներ:
Երեկ ուշ երեկոյան լեռան լանջերին փռված գյուղերում վառվել է 1600
խարույկ` խորհրդանշելով Գրերի գյուտի 1600-ամյակը: Քառագագաթ Արագածից
որոտացել է ճոխ հրավառությունը:
Միասնության շուրջպարին այսօր ակտիվորեն մասնակցեց նաեւ Լեռնային
Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ բնակիչները պար բռնեցին Շուշիի Սբ Ղազանչեցոց
եկեղեցու շուրջը:
Միասնության շուրջպարին մասնակցեցին նաեւ աշխարհասփյուռ հայկական
համայնքներում գտնվող հայերը:
Նշենք, որ Միասնության շուրջպարը նկարահանվում էր մի քանի
ուղղաթիռներից: Բացի այդ, պաշտոնական հայտ է ներկայացվել այն Գինեսի գրքում
գրանցելու համար: