Քաղաքականություն

Հավատացած եմ, որ ԱՄՆ-ն կանգնած է մեր կողքին՝ ապացուցելու, որ ժողովրդավարությունը կարող է արդյունքներ տալ․ Արարատ Միրզոյան

3 րոպեի ընթերցում

Հավատացած եմ, որ ԱՄՆ-ն կանգնած է մեր կողքին՝ ապացուցելու, որ ժողովրդավարությունը կարող է արդյունքներ տալ․ Արարատ Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կարծում է, որ Երևանում անցկացվող Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը ևս մեկ օրինակ է Հայաստանի ու ԱՄՆ-ի միջև բարձր մակարդակի քաղաքական երկխոսության, որը նոր խթան կհաղորդի Հայաստանի և ԱՄՆ-ի միջև զարգացող գործընկերությանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արարատ Միրզոյանն այս մասին ասաց ՀՀ ԱԳՆ-ում մեկնարկած Հայաստան-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստին ունեցած ելույթում։

«Ժողովրդավարական սկզբունքների նկատմամբ ամուր հանձնառությունը մեր գործընկերության առանցքում է՝ չնայած այն հանգամանքին, որ ժողովրդավարությունը վտանգված է ամբողջ աշխարհում, այդ թվում՝ մեր տարածաշրջանում։ Չնայած անվտանգության մարտահրավերներին և առաջացող հիբրիդային սպառնալիքներին՝ Հայաստանի կառավարությունը վճռական է հետևել իր ժողովրդի կատարած ժողովրդավարական ընտրությանը՝ ամրապնդելու համապատասխան պետական ինստիտուտները, ապահովելու օրենքի գերակայությունը և մարդու իրավունքների ամուր պաշտպանությունը։ Այս համատեքստում մեր մասնակցությունը հանուն ժողովրդավարության գագաթնաժողովին, փաստում է մեր հանձնառությունը և ներգրավվածությունը՝ միտված առավել ամուր ժողովրդավարության կառուցմանը»,- ասաց Միրզոյանը։

ՀՀ ԱԳ նախարարը հավատացած է, որ Հայաստանի համախոհ գործընկերները, մասնավորապես ԱՄՆ-ն, լիովին աջակցում են և կանգնած են մեր կողքին՝ ապացուցելու, որ ժողովրդավարությունը կարող է արդյունքներ ապահովել։

«Հաջողության հասնելու համար մենք պետք է խորացնենք բազմաոլորտ և տարբեր ուղղություններ ընդգրկող համագործակցությունը՝ ներառյալ տնտեսության և էներգետիկայի, պաշտպանության և անվտանգության, բարձր տեխնոլոգիաների և կիբեռանվտանգության, արդարադատության և օրենքի գերակայության ոլորտները։ Մեր երկկողմ օրակարգը շարունակում է ընդլայնվել և ներառել Հայաստանի դիմակայունության և կայուն զարգացման համար կարևոր ուղղությունները։ Այս համատեքստում ցանկանում եմ հիշատակել ապրիլի 5-ին Բրյուսելում կայացած Հայաստան-ԱՄՆ-ԵՄ բարձր մակարդակի հանդիպումը և համատեղ մամուլի հայտարարության մեջ արտացոլված պայմանավորվածությունները»,- ասաց Արարատ Միրզոյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում