Հասարակական

ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Եվրոպայի խորհրդի խտրականության դեմ պայքարի ոլորտի պատվիրակությանը

3 րոպեի ընթերցում

ՀՀ ՄԻՊ-ն ընդունել է Եվրոպայի խորհրդի խտրականության դեմ պայքարի ոլորտի պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 6-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի Ժողովրդավարության և մարդկային արժանապատվության գլխավոր տնօրինության խտրականության դեմ պայքարի վարչության խտրականության դեմ համագործակցության բաժնի ղեկավար Անգելա Լոնգոյին և ծրագրերի ավագ պատասխանատու Մայա Ստոյանովիչին։ Հանդիպմանը մասնակցել է նաև Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի Հավասարության խթանումը և խտրականության բացառումը Հայաստանում ծրագրի պատասխանատու Մարիամ Ալեքսանյանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը ներկայացրել է ներկայումս մեր երկրում իրավահավասարության երաշխավորման և հակախտրականության ոլորտում առկա մարտահրավերները։ «Այս համատեքստում Պաշտպանն ընդգծել է ատելության խոսքի, խտրականության, անհանդուրժողականության մթնոլորտի անթույլատրելի ծավալներն այսօր Հայաստանի Հանրապետությունում և դրա դեմ պայքարի շրջանակներում իրականացվող աշխատանքների կարևորությունը:

Պաշտպանը նշել է, որ այդ երևույթները Հայաստանում լայն տարածում են գտել, ինչն անընդունելի է: Հատկապես մտահոգիչ է բոլոր հիմքերով խտրական խոսույթի և ատելության խոսքի կիրառումն ակադեմիական համայնքում, քաղաքական և հանրային գործիչների կողմից, ինչպես նաև մեդիադաշտում։ Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ ատելության խոսքի ցանկացած դրսևորում պետք է բացառվի հանրային խոսույթից»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ Մարդու իրավունքների պաշտպանը բարձր է գնահատել խտրականության դեմ պայքարի ոլորտում ՄԻՊ աշխատակազմի և Եվրոպայի խորհրդի միջև համագործակցության մակարդակը՝ պատրաստակամություն հայտնելով ընդլայնելու փոխգործակցությունը: Հանդիպման շրջանակում, ի թիվս այլնի, քննարկվել են համագործակցության հնարավոր ուղղությունները, Եվրոպայի խորհրդի աջակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կարողությունների զարգացման հնարավորությունը:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ազգային փոքրամասնությունների, հաշմանդամություն ունեցող անձանց, ինչպես նաև այլ խմբերի իրավունքների պաշտպանությանը վերաբերելի հարցերին։

Նշվում է, որ Անգելա Լոնգոն շնորհակալություն է հայտնել Պաշտպանին ընդունելության և արդյունավետ քննարկման համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում