Հասարակական

Պարեկները կարգազանց վարորդի մոտ հայտնաբերվել են հոգեմետ դեղահաբեր

2 րոպեի ընթերցում

Պարեկները կարգազանց վարորդի մոտ հայտնաբերվել են հոգեմետ դեղահաբեր

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Արծվանիստ-Վարդենիս ճանապարհին ծառայություն իրականացնելիս Գեղարքունիքի մարզի պարեկները հունիսի 5-ին, ժամը 17.10-ին կանգնեցրել են «Նիսան» մակնիշի մի մեքենա. տրանսպորտային միջոցը չէր անցել տեխնիկական զննություն, մեքենայի կողային ապակիները մգեցված էին, վարորդը վարում էր առանց ամրագոտու և ծխում էր:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությունից, դեպի Գեղարքունիքի մարզ ուղևորվող ավտոերթի մասնակից գյումրեցի 44-ամյա վարորդին ներկայացվել են մեքենան կանգնեցնելու բոլոր պատճառները, սակայն նա չի համաձայնել իրավախախտումների հետ, ստեղծել է կոնֆլիկտային իրավիճակ, դրսևորել է ագրեսիվ վարքագիծ, սպառնացել ոստիկանության ծառայողներին և հայհոյանքներ հնչեցրել բարձրաստիճան ղեկավարների հասցեին:

«Հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածով նա ձերբակալվել ու տեղափոխվել է ոստիկանության Մարտունու բաժին: Այստեղ անձնական խուզարկությամբ նրա մոտ եղած պոլիէթիլենային տոպրակում գտնվող անձնական իրերի մեջ հայտնաբերվել է «լորազեպամ» տեսակի հոգեմետ դեղամիջոցի չորս հաբ: Սրանց վերաբերյալ վարորդը որևէ բացատրություն չի տվել, միայն հայտնել է, որ օգտվում է իր լռելու իրավունքից»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ըստ աղբյուրի՝ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Մարտունու քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում