Մշակույթ

Շառլ Ազնավուրի 100-ամյակի առիթով կհնչեն շանսոնյեի սիրված ստեղծագործությունները հայտնի երգիչ Ղասսան Յամմինի կատարմամբ

3 րոպեի ընթերցում

Շառլ Ազնավուրի 100-ամյակի առիթով կհնչեն շանսոնյեի սիրված ստեղծագործությունները հայտնի երգիչ  Ղասսան Յամմինի կատարմամբ

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շառլ Ազնավուրի 100-ամյա հոբելյանի շրջանակում Հայաստանում համերգով հանդես կգա երգիչ Ղասսան Յամմինին: Համերգի ընթացքում կհնչեն մեծն շանսոնյեի հայտնի ու սիրված երգերը:

«Արմենպրես»-իհաղորդմամբ՝ երգիչը հայտնի է Ազնավուրի երգերը անհավանական նմանությամբ կատարելու կարողությամբ: Ղասսան Յամմինը ելույթ կունենա ՀՀ հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի ուղեկցությամբ, որի դիրիժոն և նվագախմբի գեղարվեստական ղեկավարն է ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Երզնկյանը:

Ղասսան Յամմինը Եվրոպայում հաճախ է տարբեր նվագախմբերի հետ հանդես եկել, տարիներ շարունակ կատարել է Ազնավուրի երգերը աշխարհի մի շարք բեմերում, սակայն առաջին անգամ Հայաստանում հանդես է եկել նախորդ տարեվերջին՝ «Նյու Ջեներեյշն փրոջեքթի» հրավերով:

ՀՀ հանրային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Երվանդ Երզնկյանը ընդգծեց՝ սա հայտնի երգչի հետ համատեղ երկրորդ համերգն է:

«Առաջին համերգից հետո հասկացանք, որ կարելի է այս համագործակցությունը շարունակել: Քանի որ այս տարի Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակն է, մենք ամբողջ տարվա ընթացքում ունենք մի շարք միջոցառումներ, որոնց մի մասն արդեն կայացել են: Այդ շարքը շարունակելով այժմ հրավիրել ենք Ղասսան Յամմինին: Այսօրվա մեր փորձն էլ ցույց տվեց, թե ինչ հիանալի համագործակցություն ունենք: Այն, մեծ հույս ունեմ, կլինի շարունակական»,- նշեց Երզնկյանը:

Երգիչ, դաշնակահար, կոմպոզիտոր Ղասսան Յամմինը ընդգծեց՝ իր համար մեծ պատիվ է կրկին Հայաստան վերադառնալը, քանի որ իրեն այն շատ հոգեհարազատ է:

« Մեծ պատասխանատվություն է Հայաստանում շանսոնյեի երգերը կատարելը, քանի որ անձամբ եմ ճանաչել Ազնավուրին և բազմից առիթներ եմ ունեցել նրա հետ զրուցելու, և գիտեմ, թե ինչքան կարևոր էր իր համար Հայաստանը: Դրա համար այժմ ինքս էլ փորձում եմ հնարավորինս հաճախ գալ Հայաստան և համերգներ ունենալ: Ես հաճախ եմ երգում Ազնավուրի երգերը ամբողջ աշխարհում, սակայն Հայաստանում դրանք կատարելն ինձ համար շատ խորհրդանշական է»,-ասաց Յամմինը:

Երգիչը նշեց, որ դեռ փոքրուց է կապված եղել Հայաստանի հետ, քանի որ իր վոկալի և մի քանի այլ դասախոսներ եղել են հայեր:

Համերգը կազմակերպել է «Նյու Ջեներեյշն փրոջեքթը»: Հոբելյանական համերգ կկայանա հունիսի 8-ին՝ Արամ Խաչատրյան համերգասրահում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում