Միջազգային

Նեթանյահուն նախազգուշացրել է, որ Իսրայելը պատրաստ է լայնածավալ գործողություններ անցկացնել Լիբանանի հետ սահմանին

2 րոպեի ընթերցում

Նեթանյահուն նախազգուշացրել է, որ Իսրայելը պատրաստ է լայնածավալ գործողություններ անցկացնել Լիբանանի հետ սահմանին

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ իսրայելական բանակը պատրաստ է «ծայրահեղ հզոր» պատասխան տալ Լիբանանից «Հեզբոլլահ»-ի հարձակումներին, որոնց թիվը վերջին օրերին մեծապես ավելացել է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Times of Israel-ը։

«Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ կարող է մեզ վնաս պատճառել, իսկ մենք ձեռքներս ծալած կնստենք, ապա նա չարաչար սխալվում է», - ասել է Նեթանյահուն Լիբանանի հետ սահմանին գտնվող Քիրյաթ Շմոնա քաղաք այցի ժամանակ։

«Հեզբոլլահ»-ի գնդակոծությունների պատճառով Քիրյաթ Շմոնայում խոշոր հրդեհներ էին բռնկվել, որոնք հրշեջները մարում էին շուրջ 48 ժամ։ Նեթանյահուն տվյալ շրջան է այցելել հրդեհաշիջման աշխատանքներից մի քանի ժամ անց։

Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետ Հերցի Հալևին հունիսի 4-ին հայտարարել էր, որ երկիրը շուտով որոշում կկայացնի՝ ինչպես արձագանքել «Հեզբոլլահ»-ի ամենօրյա հարձակումներին, որոնք, ըստ խմբավորման, կատարվում են՝ ի պատասխան Գազայի հատվածում Իսրայելի կողմից անցկացվող ռազմական գործողությունների։

Հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալների ներխուժումից հետո Իսրայելը պատասխան ռազմական գործողություններ է սկսել պաղեստինյան անկլավում։ Այս ընթացքում բախումներ են տեղի ունենում նաև Լիբանանի և Իսրայելի սահմանին։ Իսրայելի հյուսիսային շրջաններից տեղահանվել է շուրջ 60 000 բնակիչ։ Տասնյակ հազարավոր բնակիչներ են տեղահանվել նաև Լիբանանի հարավից։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում