Հասարակական

Ջրհեղեղից վնասված երկաթուղու հատվածները վերանորոգվում են հնարավորինս արագ տեմպերով

5 րոպեի ընթերցում

Ջրհեղեղից վնասված երկաթուղու հատվածները վերանորոգվում են հնարավորինս արագ տեմպերով

ԱԼԱՎԵՐԴԻ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երկաթուղին Հայաստանի համար ունի ռազմավարական նշանակություն, հետևաբար մայիսի 26-ի ջրհեղեղից հետո Լոռու մարզով անցնող երկաթգծի վնասված հատվածներում իրականացվում են վերականգնողական ակտիվ շինաշխատանքներ: Մասնավորապես, Ալավերդի-Այրում տեղամասի տարբեր հատվածներում աշխատում են Հարավկովկասյան երկաթուղու Վանաձորի գծի աշխատակիցներն ու շինարարները, որոնց օգնելու նպատակով միացել են Երևանի, Սևանի և Գյումրու գծերի գործընկերները:

«Արմենպրես»-ն այցելեց մասնավորապես Ախթալայի կայարանամերձ տարածք, որտեղ վնասվել է երկաթգծի մոտ 500 մետր երկարությամբ հատվածը, և որտեղ 250 մետր երկարությամբ երկաթգիծը թեքվել ու փլուզման հետևանքով հայտնվել է գետում:

Մեզ հետ զրույցում Հարավկովկասյան երկաթուղու Երևանի գծի ուղեմասի պետ Հրաչ Քեվնաքսզյանն ասաց, որ այդտեղ, բարեբախտաբար, պահպանվել է հին երկաթգիծը, և քանի որ այն չի օգտագործվել, ուստի իրականացվում են տեղափոխման աշխատանքներ, որպեսզի դրանից հետո վերանորոգվի նաև հիմնական գիծը:

«Ճիշտ է, առաջանում են կորեր, սակայն պահպանված երկաթգծի այդ հատվածի վերաշահագործումը թույլ կտա, որպեսզի այդտեղ, թեկուզ դանդաղ արագությամբ, մոտենան Վրաստանից ծանր տեխնիկա բերող գնացքները: Վրաց գործընկերները հավաստիացրել են, որ իրենց մոտ աղետից տուժած երկաթգծի վերականգնման աշխատանքները գրեթե ավարտվել են: Հիմա մենք հիմնականում իրականացնում ենք ձեռքի աշխատանք՝ օգտագործելով թեթև տեխնիկա: Տեղափոխվող հատվածում փոխում ենք հին շպալներն ու իրականացնում ամրակայման աշխատանքներ»,- ասաց Քեվնաքսզյանը:

Հարավկովկասյան երկաթուղու տվյալներով՝ Ախթալա կայարանում ավարտվել են նաև 230 մետր երկարությամբ էլեկտրահաղորդման գծի, ինչպես նաև 400 մետր երկարությամբ կապի հենարանների և մալուխների վերականգնման աշխատանքները: Իրականացվել է նաև կայանի հատակի սարքավորումների ապամոնտաժում և լվացում կեղտից: Ավարտվել է կայանի արտաքին սարքավորումների մաքրումը կեղտից և վնասված ավտոմատացման սարքերի ապամոնտաժումը։

Այրում կայարանում ընթանում են նախապատրաստական աշխատանքներ և ներմուծվում են նյութեր և սարքավորումներ՝ նավթամթերքների ընդունմանը նախապատրաստվելու նպատակով։ Նախատեսվում է, որ Այրում կայարանի բազայի հիման վրա կկազմակերպվի Հայաստան բեռների ներկրման ժամանակավոր սխեմա։

Ավելի վաղ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտնել էր, որ երկաթուղում իրականացվում են մեծածավալ աշխատանքներ, որոնք ընթանում են «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության և ՀՀ կառավարության աջակցությամբ:

«Երկաթուղու 27 կիլոմետր տարածքում, որն Ախթալայից ձգվում է մինչև Սանահին կայարան, կան վնասված տարբեր հատվածներ: Եթե դրանցից վեց-յոթը վերաբերում են բուն երկաթգծին, ապա կան նաև այլ հատվածներ, որտեղ վնասվել են երկաթգծին կից ենթակառուցվածքները՝ էլեկտրահաղորդման գծերը, ենթակայանները: Բոլոր ուղղություններով իրականացվում են վերականգնողական աշխատանքներ: Որոշ հատվածներում նաև մենք ենք փորձում աջակցել Հարավկովկասյան երկաթուղու գործընկերներին: Վերջիններս հրավիրել են մասնագետների, որոնք իրենց խորհուրդներով կօգնեն աշխատողներին: Առաջ շարժվելու համար ունենք համատեղ պլաններ: Աշխատանքների տեմպը բավականին բարձր է: Հույս ունենք հնարավորինս սեղմ ժամկետներում վերաբացել երկաթուղին»,- ասել էր Սանոսյանը:

Ընդհանուր առմամբ՝ վերականգնման աշխատանքներում ներգրավվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության 265 աշխատակից։ Ռուսաստանից գործուղված աշխատակիցների ընդհանուր թիվը կազմում է ավելի քան 30 մարդ։ «Վրացական երկաթուղիներ» ընկերությունից սպասվում են ևս մի քանի մասնագետներ։

Մայիսի 26-ին տեղացած հորդառատ անձրևների հետևանքով Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումներ են եղել, Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերը դուրս են եկել իրենց հունից՝ էական վնասներ պատճառելով կարևոր ենթակառուցվածքների, բնակելի տների: Փլուզվել են ճանապարհներ և կամուրջներ: Հեղեղումների հետևանքով զոհվել է չորս մարդ: Կառավարությունն աղետի գոտի է հայտարարել հեղեղումներից տուժած բնակավայրերում:

Մանվել Մարգարյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում