Հասարակական

Ջրհեղեղի հետևանքների վերացման աշխատանքներում ներգրավվել են նաև հայկական Կարմիր խաչի ընկերությունն ու միջազգային կառույցներ

7 րոպեի ընթերցում

Ջրհեղեղի հետևանքների վերացման աշխատանքներում ներգրավվել են նաև հայկական Կարմիր խաչի ընկերությունն ու միջազգային կառույցներ

ԱԼԱՎԵՐԴԻ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐՍ: Լոռու և Տավուշի մարզերում մայիսի 26-ին տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքների վերացման աշխատանքներում ներգրավվել են նաև հայկական Կարմիր խաչի ընկերությունն ու միջազգային կառույցներ:

«Արենպրես»-ի հետ զրույցում հայկական Կարմիր խաչի ընկերության աղետների կառավարման բաժնի վարիչ Սերգեյ Սահակյանը նշեց, որ բնական աղետի լուրը ստանալուն պես իրենց ընկերության աշխատակիցները՝ նախագահի գլխավորությամբ ժամանեցին Ալավերդի՝ տեղում իրավիճակին ծանոթանալու նպատակադրությամբ, ինչպես նաև պարզելու, թե «Կարմիր խաչ»-ն ինչով կարող է օժանդակել տեղի ազգաբնակչությանը:

«Մեր ընկերությունը, հանդիսանալով հումանիտար ոլորտում պետությանն աջակցող կառույց, չի կարող նման պահերին չլինել կառավարության կողքին: Տեղում ծանոթանալով իրավիճակին և խորհրդակցելով Ալավերդու քաղաքապետարանի ու հանձնաժողովի անդամների հետ՝ առաջնային կարիքները հոգալու համար մեզ խնդրեցին տրամադրել բանվորական աշխատուժ: Մայիսի 27-ից հայկական «Կարմիր խաչի» կամավորները ժամանեցին Ալավերդի և մինչ այս պահն առավոտից երեկո աջակցում են համայնքի բնակիչներին տարբեր աշխատանքներում: 25-30 կամավորներ նախապես հաստատված հերթափոխությամբ ընդգրկված են ընթացիկ աշխատանքներում: Կամավորները եկել են տարբեր մարզերից ու Երևանից: Հերթափոխությունը կատարվում է յուրաքանչյուր երկրորդ օրը: Այդպես կլինի այնքան ժամանակ, որքան պահանջվի»,- ասաց Սահակյանը:

HM2_8678.JPG (524 KB)

Նրա տեղեկացմամբ՝ «Կարմիր խաչի և կարմիր մահիկի» միջազգային ֆեդերացիայի գործընկերները ժամանել են մայիսի 29-ին, որպեսզի իրականացնեն կարիքների ուսումնասիրություն հետագա ծրագրերի մշակման համար, որպեսզի անմիջականորեն աջակցեն աղետից տուժած ազգաբնակչությանը: Ուսումնասիրությունն ընթացքի մեջ է, տվյալները հավաքագրվում են, որոնք նույնպես կվերածվեն ծրագրերի:

«Դրանց հաստատման դեպքում պետական մարմինների հետ համագործակցելով՝ այդ ծրագրերը կիրականացնենք»,- հավաստիացրեց Սահակյանը:

«Կարմիր խաչի և կարմիր մահիկի» միջազգային ֆեդերացիայի Կովկասյան գրասենյակի հայաստանյան ծրագրերի և գործառնությունների ղեկավար Խերարդո Էսկալանտեն իր հերթին նշեց, որ ժամանել է Ալավերդի՝ աղետից տուժած գոտուն աջակցություն ցուցաբերելու նպատակով:

HM2_8691.JPG (457 KB)

«Մեր խնդիրն է արագ արձագանքման միջոցով հատկացնել անհրաժեշտ օժանդակություն՝ հիմնված միջազգային աջակցության վրա: Մենք կարող ենք տալ որոշակի ռեսուրսներ և այդ կերպ օգնել կարիքավորներին: Մենք այս օրերին ականատես եղանք շատ լավ կոորդինացված աշխատանքների, որոնք իրականացվել են տարածաշրջանի պատկան մարմինների կողմից: Ուրախ ենք աջակցել հայկական «Կարմիր խաչի» ընկերությանը: Մեր ֆեդերացիայի պատվիրակությունը բաղկացած է երեք հոգուց, մեզ միացել են մասնավորապես իտալական «Կարմիր խաչ» ընկերության անդամները, որոնք ունեն նման իրավիճակներում աշխատանքի փորձառություն: Պատրաստ ենք միջազգային ռեսուրսներից Հայաստանին մատակարարել համապատասխան միջոցներ»,- ասաց Էսկալանտեն:

Նա հավելեց, որ ներկա պահին իրենց ֆեդերացիան իրականացնում է տարբեր գործառույթներ, բայց ամենահիմնականը ֆինանսական աջակցությունն է առաջին երկու ամիսների կտրվածքով: Ֆեդերացիան պետք է սերտորեն համագործակցի ՀՀ կառավարության և ՏԻՄ-երի հետ՝ իրականացնելով ընդգրկուն ուսումնասիրություն, որպեսզի հնարավորինս շուտ հատկացվի օժանդակությունը:

«Մեզ անհրաժեշտ խորհրդատվություն և տեղակատվություն է փոխանցում նաև հայկական Կարմիր խաչի ընկերությունը, որն ընդգրկվել է կազմակերպչական աշխատանքներում աղետից անմիջապես հետո: Կարևոր է նաև մարդկանց սոցիալ-հոգեբանական աջակցություն ցուցաբերելը, հայկական Կարմիր խաչի հոգեբանները նույնպես կարող են օգտակար լինել աղետի գոտու բնակիչներին: Դեռ կան հաղորդակցությունից կտրված բնակավայրեր, որոնց հետ կապը պետք է վերականգնվի հնարավորինս շուտ, որպեսզի մասնագետները հասնեն այդ տարածքներ ու մատուցեն ծառայություններ: Հաշվի առնելով նաև տարածաշրջանի բնակլիմայական պայմանները՝ անհրաժեշտ է օթերևութաբաններին նույնպես ընդգրկել կազմակերպչական աշխատանքներում և առաջին հերթին օգտվել նրանց ներկայացրած տեղեկատվությունից»,- ասաց «Կարմիր խաչի և կարմիր մահիկի» միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչը:

Էսկալանտեն հավելեց, որ իրենց նպատակն է հավելյալ օժանդակություն տրամադրել որքան հնարավոր է շուտ: Օգնության նպատակով կարիքավորներին կարող են հատկացվել վրաններ, դեղորայք և այլ պարագաներ: Խորհրդակցությունը հայկական Կարմիր խաչի հետ կշարունակվի, որպեսզի հստակեցվեն մոտ ապագայում ստորագրվելիք ծրագրի դրույթները: Ֆեդերացիան ակտիվորեն համագործակցում է նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ: Միջազգային «Կարմիր խաչն» ունի հարյուրից ավել մասնաճյուղեր տարբեր երկրներում, որոնք անհրաժեշտության դեպքում կարող են միմյանց հասարակություններին ցուցաբերել համապատասխան աջակցություն: Էսկալանտեն հայտնեց, որ շատ լավ կլինի, եթե հայկական կողմի հետ նախատեսված հետագա աջակցության ծրագիրը ստորագրվի տասնօրյա ժամկետում, երբ ավարտվեն համապատասխան ուսումասիրությունները:

Մայիսի 26-ին տեղացած հորդառատ անձրևների հետևանքով Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումներ են եղել, Դեբետ, Աղստև և Տաշիր գետերը դուրս են եկել իրենց հունից՝ էական վնասներ պատճառելով կարևոր ենթակառուցվածքների, բնակելի տների: Փլուզվել են ճանապարհներ և կամուրջներ: Հեղեղումների հետևանքով զոհվել է չորս մարդ: Կառավարությունն աղետի գոտի է հայտարարել հեղեղումներից տուժած բնակավայրերում:

Մանվել Մարգարյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում