Հասարակական

«Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի սաները դիպլոմային աշխատանքների ցուցադրությամբ նշեցին ավարտական միջոցառումը

5 րոպեի ընթերցում

«Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի սաները դիպլոմային աշխատանքների ցուցադրությամբ նշեցին ավարտական միջոցառումը

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի ավելի քան վաթսուն շրջանավարտներ իրենց ավարտական միջոցառումն անցկացրին Երևանի քաղաքապետարանում՝ ցուցադրելով իրենց յուրահատուկ դիպլոմային աշխատանքները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Կա՛ պետություն, կա՛նք մենք» խորագրով ցուցահանդեսում, որը բացվեց մայիսի 24-ին, ներկայացված են կրթահամալիրի սաների և՛ գեղանկար ստեղծագործությունները, և՛ քանդակները։

Գեղանկարներին ծանոթանալով՝ հասկանում ես, թե ովքեր են հեղինակները, քանի որ աշակերտներն իրենք իրենց են պատկերել տարբեր միջավայրերում, իրավիճակներում, հոգեվիճակներում: Աշակերտներից մի քանիսն էլ չեն վարանել ու կտավով խոսել են իրենց «ես»-ի տարբեր դրսևորումների մասին:

Միջոցառմանը Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանն ասաց՝ ցուցահանդեսի կարգախոսն առաջարկել են կրթահամալիրի սաները: «Շատ ուրախալի է այն փաստը, որ մեր սիրելի աշակերտները մեծ կյանք մուտք գործելիս առաջնորդվում են այդ կարգախոսով: Այսօր նրանց «Վերջին զանգ»-ն է: Հաշվի առնելով այն փաստը, որ կրթահամալիրը կերպարվեստի ուղղվածությամբ հանրակրթական մասնագիտական դպրոց է՝ այս միջոցառումը նման ցուցահանդեսով ենք կազմակերպում և տարեցտարի բացահայտում ենք նոր տաղանդների»,-ընդգծեց նա:

Հովհաննիսյանը դեռ երեկ է շրջել ցուցասրահներում, ծանոթացել ցուցանմուշներին, որոնք անկրկնելի է համարում:

Նրա խոսքով՝ Երևանի քաղաքապետարանը շատ է կարևորում արվեստի, մշակույթի զարգացումը: «Այժմ հիմնանորոգվում է, վերակառուցվում է կրթահամալիրը: Շուտով կկարողանանք ավարտել նորոգման աշխատանքներն ու երեխաներն ավելի մեծ ոգևորությամբ մշակութային արժեքներ կպարգևեն մեզ»,- եզրափակեց քաղաքապետի տեղակալը:

Կրթահամալիրի տնօրեն Ռուզաննա Երեմյանը շնորհակալություն հայտնեց Երևանի քաղաքապետարանին երկրորդ տարին անընդմեջ կրթահամալիրի սաներին հյուրընկալելու համար:

«Ներկայացված ստեղծագործությունները յուրահատուկ են, հետաքրքիր են: Ցուցահանդեսն ունի «Կա՛ պետություն, կա՛նք մենք» խորագիրը, որովհետև առանց պետության «մենք»-ը գոյություն չունի: Շատ ժողովուրդներ ունեն «մենք»-ը, բայց չունեն պետություն: «Մենք»-ը պետություն կառուցելու, այն հզորացնելու գաղափարն ունի: Մենք դաստիարակում ենք քաղաքացիների, Հայաստանի Հանրապետությունը սիրող անհատների: Դա անում ենք արվեստով»,- շեշտեց տնօրենը:

Կրթահամալիրի շրջանավարտների մեծ մասը պատրաստվում է շարունակել մասնագիտանալ արվեստի բնագավառում, մեծ մասը դիմել է արվեստի բուհեր:

«Նրանց ստացած կրթությունը հնարավորություն է տալիս նաև այլ բուհեր դիմել: Ունենք ամերիկյան, ֆրանսիական համալսարաններ դիմող աշակերտներ: Նրանց հետաքրքրությունների, կարողությունների, ճաշակի բազմազանությունը մեծ հնարավորություններ է տալիս: Նրանք լավ ինժեներներ կդառնան, լավ ծրագրավորողներ, որովհետև գեղարվեստական կրթություն են ստացել, կրթություն, որ ընդլայնում է մարդու մտահորիզոնը»,- հավաստիացրեց Երեմյանը:

Ներկայացված ինքնատիպ աշխատանքների կողքին մեր ուշադրությունը գրավեց 17-ամյա Էվելինա Մաշուրյանի ստեղծագործությունը:

«Այս նկարում կանգնել եմ հայելու դիմաց, մեկ այլ հայելի ձեռքումս է: Մարդն հայելու մեջ ասես տեսնում է իր շարունակությունն ու ուշադիր լինելու դեպքում իրեն տարբեր կողմերից կտեսնի, իր մեջ տարբեր էակների կգտնի, որոնք թաքնված են: Ես ներկայացրել եմ այդ էակներին»,-պատմում է Էվելինան:

Մի պատկերում նա քնքուշ աղջիկ է, մյուսում՝ մտահոգ է, իսկ մեկ այլ պատկերում նման է զայրացած կախարդուհու:

Էվելինան պատրաստվում է շարունակել մասնագիտանալ նկարչության բնագավառում, քանի որ սիրում է նկարել, նկարում է վաղ հասակից և շնորհակալություն է հայտնում Կոջոյանի կրթահամալիրին՝ իր կարողությունները բացահայտելու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում