Պաշտոնական

Վարչապետը Երևանում ներկա է գտնվել կաթնամթերքի արտադրության գործարանի բացմանը

4 րոպեի ընթերցում

Վարչապետը Երևանում ներկա է գտնվել կաթնամթերքի արտադրության գործարանի բացմանը

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ներկա է գտնվել «Երեմյան Փրոջեքթս» ընկերության կաթնամթերքի արտադրության ժամանակակից գործարանի բացմանը:

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, Նիկոլ Փաշինյանը «Երեմյան Փրոջեքթս» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Երեմյանի ուղեկցությամբ շրջել է գործարանում, ծանոթացել ստեղծված պայմաններին և արտադրական հզորություններին:

Պատասխանատուների ներկայացմամբ, գործարանի կառուցման աշխատանքները մեկնարկել են ՀՀ կառավարության, Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) և «Երեմյան ֆարմի» միջև համագործակցության հուշագրի ստորագրմամբ՝ ներդրումային խոշոր նախագծի շրջանակում: Ընդգծվել է, որ հուշագրով ամրագրված համագործակցության նպատակն է ապահովել Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգությունն ու կայուն տնտեսական զարգացումն ագրոարդյունաբերության ոլորտում։

46517_b.jpg (941 KB)

Ներկայացվել է, որ գործարանը ներառում է 2 հեկտար արտադրական տարածք՝ 2500 քմ պահեստային հատված, 1000 քմ սառնարանային տնտեսություն, 6000 քմ կաթի արտադրության գործարան, լաբորատորիաներ և R&D կենտրոն, օրական 150 հզ. լիտր կաթի մշակման ներուժ: Գործարանը հնարավորություն է տալու բազմապատկելու արտադրական հզորությունը՝ ներկայանալ նոր արտադրատեսակներով և դրանք արտահանել միջազգային շուկաներ:

46515_b.jpg (781 KB)

Վարչապետը շնորհավորել է գործարանի բացման առթիվ և նշել, որ միշտ խոսվում է Հայաստանում ստանդարտների ներդրման անհրաժեշտության մասին, և այս ներդրումը ստանդարտի ներդրման օրինակ է, որովհետև այն փոխում է ընկալումն արտադրական ստանդարտների մասին: Նիկոլ Փաշինյանի խոսքով, ստանդարտ սահմանել՝ նշանակում է թանկացնել ապրանքը, բայց թանկացնել ապրանքը՝ նշանակում է բարձրացնել դրա որակը և համոզմունք ունենալ, որ այն, ինչի վրա գրված է կաթնամթերք՝ այն իսկապես կաթնամթերք է:

«Սննդի անվտանգությունը մի խնդիր է, որի հետ մենք բախվում ենք, և շատ հաճախ պատահում է, որ չենք արձանագրում պատճառահետևանքային կապը սննդի անվտանգության ոլորտում եղած խնդիրների և առողջապահության ոլորտում եղած խնդիրների ծավալի միջև, բայց այդ կապը կա, և այդ կապն ակնհայտ է»,- ասել է վարչապետը:

46511_b.jpg (452 KB)

Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ գործարանի կառուցման գաղափարը «Երեմյան Փրոջեքթս» ընկերության մոտ առաջացել է կորոնավիրուսի համավարակի ճգնաժամի ժամանակ և ընդգծել, որ փոփոխվող աշխարհում կարևոր է կարողանալ ադապտացվել այն փոփոխություններին, որոնք, ըստ էության, կախված չեն մարդու կամքից և կենսունակ մոտեցումն է ադապտացվել պրոցեսին և ադապտացվել ոչ թե գոյատևելու տրամաբանությամբ, այլ օգտագործել առկա դինամիկան՝ զարգացման նոր մակարդակի հասնելու համար: Վարչապետը նաև նշել է, որ խոսքը կոնկրետ ընկերության մասին է, բայց դա այն ռազմավարությունն է, որ Կառավարությունը որդեգրել է և կարևոր է, որ այն դրսևորումներ ունենա ոչ միայն քաղաքական մակարդակում, այլև տնտեսական և այլ մակարդակներում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում