Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

ՀՀ և Սլովենիայի ԱԳՆ-ներն անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային վերջին զարգացումների անվտանգային ազդեցություններին

ՀՀ և Սլովենիայի ԱԳՆ-ներն անդրադարձել են միջազգային և տարածաշրջանային 
վերջին զարգացումների անվտանգային ազդեցություններին

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում մայիսի 21-ին կայացել են քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Սլովենիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև։ Հայկական պատվիրակությունը ներկայացրել է ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության պետ Սամվել Մկրտչյանը, իսկ սլովենականը՝ Սլովենիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարության Արևելյան Եվրոպայի, Հյուսիսային Կովկասի և Կենտրոնական Ասիայի վարչության պետ Դեյան Վլադիչը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, կողմերն ընդգծել են Հայաստանի և Սլովենիայի միջև քաղաքական երկխոսության հետագա խորացման կարևորությունը։ Քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում առկա ներուժի իրագործման հնարավորություններն ու հեռանկարները։

Ըստ աղբյուրի՝ խորհրդակցությունների ընթացքում զրուցակիցներն անդրադարձ են կատարել միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցությանը, ինչպես նաև ՀՀ-ԵՄ դինամիկ զարգացող գործընկերության օրակարգին առնչվող հարցերին:

Նշվում է, որ անդրադարձ է կատարվել միջազգային և տարածաշրջանային վերջին զարգացումներին և դրանց հնարավոր անվտանգային ազդեցություններին: ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետը զրուցակցին է ներկայացրել ՀՀ դիրքորոշումները Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման շուրջ, ինչպես նաև ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am