Միջազգային

Նոր Կալեդոնիայում 4 մարդու կյանք խլած խռովությունները շարունակվում են

3 րոպեի ընթերցում

Նոր Կալեդոնիայում 4 մարդու կյանք խլած խռովությունները շարունակվում են

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նոր Կալեդոնիայի խաղաղօվկիանոսյան հարևանները կոչ են արել թուլացնել լարվածությունը և վերադառնալ Ֆրանսիայի հետ երկխոսության։ Ֆրանսիայի հատուկ վարչատարածքային միավորում հանդիսացող Նոր Կալեդոնիայում անկարգությունները շարունակվել են երրորդ գիշերը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Անկարգությունների վերածված բողոքի ցույցերի ընթացքում 4 մարդ է զոհվել, հարյուրավոր մարդիկ ձերբակալվել են։

ef07c8b0-605f-495b-949a-ee2e610a53b3.jpg (168 KB)

Ֆրանսիան Նոր Կալեդոնիայում արտակարգ դրություն է հայտարարել՝ լրացուցիչ լիազորություններ տալով իշխանություններին՝ արգելելու հավաքները և սահմանափակելու մարդկանց տեղաշարժը կղզում։

Խռովությունների առիթ է դարձել Ֆրանսիայի խորհրդարանի կողմից ընդունված օրինագիծը, որով նահանգային ընտրություններում ընտրելու իրավունք է տրվում Ֆրանսիայի այն քաղաքացիներին, որոնք 10 տարի ապրել են Նոր Կալեդոնիայում։ Ըստ տեղացի ղեկավարների՝ դա կթուլացնի բնիկների էլեկտորալ ազդեցությունը։

Կղզին գտնվում է Խաղաղ օվկիանոսի հարավ-արևմուտքում՝ Ավստրալիայից 1500 կմ դեպի արևելք։

Նոր Զելանդիայի արտգործնախարար Ուինսթոն Փիթերսը բոլոր կողմերին կոչ է արել թուլացնել լարվածությունը, որը «լուրջ մտահոգություն է առաջացնում խաղաղօվկիանոսյան կղզիների տարածաշրջանում»։

3ca5629b-bb46-48aa-a53f-8b7236bfd914.jpg (156 KB)

Վանուատուի վարչապետ Շառլոթ Սալվային ասել է, որ խռովարարների կողմից գույքի ոչնչացումը վատ կանդրադառնա Նոր Կալեդոնիայի տնտեսության վրա և կազդի կղզու բնակիչների, այդ թվում՝ բնիկ կանակների վրա։

Ավստրալիայի արտգործնախարար Փենի Վոնգը հանդարտության կոչ է արել՝ իր աջակցությունը հայտնելով կողմերի միջև քննարկումներին։

Ֆրանսիայի կողմից կառավարվող կղզու երեք մունիցիպալիտետներում, այդ թվում՝ մայրաքաղաք Նումեայում, շուրջ 5000 խռովարար է դուրս եկել փողոց։ Ժանդարմները ձերբակալել են 200 մարդու, վիրավորվել են 64 ժանդարմ և ոստիկան։ Ցուցարարները մայրաքաղաքի գլխավոր և երկրորդական ճանապարհներին բարիկադներ են դրել, մեքենաներ են այրել։

Ցույցերի ընթացքում զոհվել է 3 բնիկ և 24-ամյա մի ոստիկան։

Ավելի վաղ Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Ատալը հայտնել էր, որ Նոր Կալեդոնիա զորքեր են մտցվել՝ նավահանգիստների և օդանավակայանի անվտանգությունն ապահովելու համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում