Հասարակական

Միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ Կիրանց-Ոսկեպար հատվածում

1 րոպեի ընթերցում

Միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ Կիրանց-Ոսկեպար հատվածում

ԵՐԵՎԱՆ, 22 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի Կիրանց-Ոսկեպար հատվածը շարունակում է փակ մնալ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին դեպքի վայրից հայտնել է «Ազատություն» ռադիոկայանի թղթակիցը։

Նշվում է, որ միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ, ճանապարհը փակած բնակիչները գիշերել են տվյալ հատվածում, միջադեպեր չեն եղել։

Ազատության թղթակիցը փոխանցում է, որ բնակիչները ճանապարհը բացելու մտադրություն չունեն։

Միջպետական ճանապարհը փակել են Տավուշի մարզի մի շարք համայնքների բնակիչներ՝ իրենց բողոքն արտահայտելով սահմանի որոշ հատվածներում սահմանազատման շուրջ պայմանավորվածության դեմ Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Բնակիչները նշում են, որ դա Հայաստանի կողմից միակողմանի զիջում է՝ շեշտելով, որ սահմանազատումն այդ պայմանավորվածության մեջ նշված հատվածներում և ամրագրված սկզբունքներով իրականացնելու դեպքում կարող է անվտանգային սպառնալիքներ ստեղծել Տավուշի մարզի մի շարք բնակավայրերի համար։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ապրիլի 22-ին նախատեսված է ՀՀ փոխվարչապետ, Ադրբեջանի հետ սահմանազատման հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանի հանդիպումը Տավուշի մարզի մի շարք համայնքների բնակիչների հետ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում