Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

Այսօրվա հայկական կինոն մրցունակ է և ունի իր արժեքը. Հայ կինոյի օրը կնշվի բազմաժանր ֆիլմերի ցուցադրություններով

Այսօրվա հայկական կինոն մրցունակ է և ունի իր արժեքը. Հայ կինոյի օրը կնշվի 
բազմաժանր ֆիլմերի ցուցադրություններով

ԵՐԵՎԱՆ, 16 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ կինոն կա, ապրում է և մրցունակ է ոչ միայն տարածաշրջանում, այլև ամբողջ աշխարհում: Դրա մասին են վկայում ժամանակակից հայ կինոյի ձեռքբերումները միջազգային հարթակներում՝ կինոփառատոններում, մրցանակաբաշխություններում: 

Ապրիլի 16-ին նշվում է Հայ կինոյի օրը, որը հանրության լայն շրջանակին հնարավորություն է տալիս վերհիշելու հայ կինոյի ստեղծման ակունքներում կանգնած երևելիներին, գնահատելու նրանց կատարած աշխատանքն ու ծանոթանալու նոր ստեղծվող կինոնկարներին, որոնք ցուցադրվում են և՛ Երևանում, և՛ մարզերում:

Հայ կինոյի օրվա առթիվ «Արմենպրես»-ի թղթակիցը Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Շուշանիկ Միրզախանյանի հետ զրուցել է հայկական ֆիլմերի առանձնահատկությունների, գրանցած հաջողությունների, կառույցի կատարած աշխատանքի և առաջիկա ծրագրերի մասին:

8D1A5235.JPG (367 KB)

-2019 թվականից Հայաստանում նշվում է Հայ կինոյի օրը: Տարիներ առաջ խորհրդանշական օրվան նվիրված միջոցառումները մեկնարկեցիք գովազդային տեղեկատվական հոլովակով: Ի՞նչ է սպասվում այս տարի:

-Փորձում ենք պահպանել ձևավորված բարի ավանդույթները: Ապրիլի 16-ին Հայաստանի տարբեր մարզերում հայկական ֆիլմերի անվճար ցուցադրություններ ենք կազմակերպելու: Ցուցադրություններ են նախատեսվում Մեղրիում, Քաջարանում, Բերդում և այլուր: Կլինեն մանկական ծրագրեր, զվարճալի ֆիլմեր՝ մեծերի համար:

Ցավով եմ արձանագրում, բայց ոչ բոլոր մարզերում կան հարմար պայմաններ, լավ կինոթատրոններ, որտեղ հնարավոր է ցուցադրություններ կազմակերպել, սակայն օրեր հետո բացօթյա ցուցադրությունների նպատակով ենք այցելելու մարզեր, իսկ Երևանի կինոթատրոններում այժմ ցուցադրվում է «Ամերիկացի» կինոնկարը, որը նույնպես պետական աջակցություն է  ստացել: Այն հաջողություն գրանցած ֆիլմ է, ներկայացվել է տարբեր կինոփառատոններում, հայտնվել է «Օսկար»-ի կարճ ցուցակում: Սրանք պարտադիր նախաձեռնություններ են:

-Մի առիթով ասացիք, որ անգամ անվճար ցուցադրությունների պարագայում դահլիճները երբեմն կիսադատարկ են: Այդ առումով ինչ-որ բան փոխվե՞լ է, հետաքրքրությունը կինոյի նկատմամբ մեծացե՞լ է:

-Չեմ կարող ասել, որ լուրջ փոփոխություն կա: Նախորդ տարի «Կինոդար» նախաձեռնության շրջանակում բոլոր մարզերում ցուցադրություններ կազմակերպեցինք, ու շատ տարբեր արդյունքներ եղան: Կային մարզեր, որտեղ ակտիվ էր մասնակցությունը, կային մարզեր, որտեղ հանդիսատեսը պասիվ էր: Դա պայմանավորված էր մարդկանց՝ այդ ամիսներին զբաղվածությամբ, որովհետև կան շրջաններ, երբ հողային և այլ գործերով են զբաղված, սակայն կան մարզեր, որտեղ ցուցադրություններն այնքան պահանջված էին, որ այս տարի ևս մեզ խնդրում են վերադառնալ իրենց մարզ:

Կարևոր չէ՝ հինգ հոգի կգա ցուցադրության, թե 50 հոգի, պետք է աշխատել և վերականգնել մեծ էկրանին կինո դիտելու ավանդույթը:

8D1A5255.JPG (565 KB)

-Որքանով իմ դիտարկումները թույլ են տալիս եզրակացնել թատրոնի դեպքում հիմնականում դահլիճները լեփ-լեցուն են լինում կատակերգական ներկայացումների ժամանակ: Կինոյի պարագայում ինչպե՞ս է:

-Հստակ ասել չեմ կարող, որովհետև ուսումնասիրություն չի արվել: Օրինակ՝ «Ամերիկացի» ֆիլմը, որն այժմ երևանյան կինոթատրոններում է, շատ պահանջված է, իսկ մարզերի դեպքում, ինչպես արդեն ասացի, ժամանակահատվածից է կախված: Ըստ իս՝ ապրիլի 16-ին ցուցադրություններն ակտիվ կանցնեն, քանի որ հիմա գյուղացիներն ազատ են, հուսամ՝ կգան, կդիտեն:

Իննա Սահակյանի «Ավրորայի լուսաբացը» անիմացիոն ֆիլմը, որը պատմում է Հայոց ցեղասպանությունից մազապուրծ Ավրորա Մարդիգանյանի մասին, աշխարհով մեկ ցուցադրվել է և շատ մեծ քանակի հանդիսատես է ունեցել: Հայաստանն ավելի պասիվ է, գուցե, կախված է մարդկանց տրամադրությունից, նրանց հնարավորություններից, դժվար է ասել, բայց վստահ կարող ենք ասել, որ հայկական ֆիլմերն արտերկրում մեծ հանդիսատես ունեն, և դա փաստ է: Իհարկե, դա կախված է տվյալ երկրի մշակույթից, նիստուկացից, սովորույթներից և այլն:

-Խորհրդային հայ կինոն բոլորիս տանն էր, դերասաններն ասես հարազատներ լինեին, իսկ մերօրյա կինոն ժողովրդական դառնալ կարո՞ղ է:

-Անելիքներ շատ կան: Խորհրդային տարիներն այլ էին: Այն ժամանակ չկար ինտերնետ, չկար տանը նստած ֆիլմ դիտելու հնարավորություն: Այսօր իրավիճակը փոխվել է: Իմ մանկության տարիներին ընտանեկան սովորույթ կար. հայրս հաճախ էր կինոյի, թատրոնի տոմսեր գնում մեզ համար, իսկ տոմս գնելն այնքան էլ հեշտ չէր, որովհետև այդ մշակույթը տարածված էր: Ժամանակները վաղուց են փոխվել: Մեր տուն է մտել ինտերնետը:

Մենք պետք է ամեն ինչ անենք, որ ավելի հետաքրքիր ֆիլմեր նկարահանվեն: Շատ կարևոր է նաև գովազդը, իսկ այն մեծ հնարավորություններ է պահանջում: Եթե ֆիլմը լավ գովազդես, կինոթատրոնում ավելի մեծ քանակի հանդիսատես կլինի: Ինքներդ էլ եք հասկանում, որ գովազդը մեծ նշանակություն ունի յուրաքանչյուր ասպարեզում:

-Իսկ մեր կինոժառանգության ֆիլմերը դեռ շարունակո՞ւմ են հետաքրքիր լինել:

-Մենք ցուցադրում ենք ժառանգության այն ֆիլմերը, որոնց իրավունքներն ունենք: Կինոթատրոնում ցուցադրություններ կազմակերպելիս՝ մեր հնարավորությունների սահմաններում գովազդային արշավներ ենք իրականացնում, բայց ոչ հեռուստատեսությամբ: Նախորդ տարի բավականին մեծ քանակությամբ հայկական ֆիլմեր վերականգնեցինք: Որոշել ենք սեպտեմբերից սկսած շաբաթը մեկ օր ժառանգություն դարձած ֆիլմ ցուցադրել՝ հույս ունենալով, որ դա կարող է ծրագիր դառնալ: Գաղափարն իրականացնելու համար բանակցում ենք «Մոսկվա» կինոթատրոնի հետ: Գուցե, այն հանդիսատեսը, որ կարոտով է հիշում այդ ֆիլմերը, կարողանա գնալ կինոթատրոն ու լավ որակով դիտել վերականգնված տարբերակները:

Մեզ համար շատ կարևոր էր այս տարվա մեկնարկը: Հունվարի վերջին Նյու Յորքի «ՄՈՄԱ» ժամանակակից արվեստի թանգարանում, որն աշխարհի լավագույն հարթակներից է, ցուցադրեցինք Համո Բեկնազարյանի «Երկիր Նաիրի» և «Տունը հրաբխի վրա» ֆիլմերը: Հավատացեք՝ ֆիլմերը մեծ հետաքրքրություն առաջացրին: Դիտելու էին եկել ոչ միայն հայեր, այլև օտարերկրացիներ:

ՅՈՒՆԵՍԿՕ-ից ենք նոր վերադարձել. շատ մեծ ծրագիր էր՝ նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին: Շատ-շատ կարևոր էր ՅՈՒՆԵՍԿՕ-ում «Նռան գույնը» ցուցադրելը, կարողացանք ներկայացնել ինստալյացիան, որում հիմնական մոնտաժից դուրս մնացած հատվածներն են: Այդ հատվածները Լեհաստանի  գործընկերների հետ համագործակցությամբ 2018 թվականին ենք վերականգնել: Ցուցադրեցինք Ռոտերդամի փառատոնի ընթացքում, իսկ հետո՝ Երևանում՝ «Այրարատ» կինոթատրոնում՝ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի օրերին:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում ապրիլի 4-ին էր ինստալյացիայի բացումը: Եվրոպական տարբեր երկրներում ցուցադրություն իրականացնելու առաջարկներ կան: Փարաջանովի շնորհիվ կարողանում ենք ներկայացնել հայկական կինոն:

8D1A5240.JPG (433 KB)

-Իսկ կա՞ն ֆիլմեր, որ առաջիկայում եք վերականգնելու:

-Պարտադիր: Մենք ունենք ծրագիր, որի շրջանակում պետական աջակցություն ենք ստանում:  Նախորդ տարի վերականգնել ենք երեսունից ավել տարբեր ֆիլմեր՝ լիամետրաժ, անիմացիոն, խաղարկային: Այս տարի շարունակելու ենք մեր աշխատանքն այդ ուղղությամբ:

-Պարբերաբար ներկա եմ լինում տարբեր կինոփառատոնների ու տեսնում, որ հայ ժամանակակից կինոն շատ հետաքրքիր է, ստեղծագործական միտք կա: Երբեմն հանդիպում եմ տեղայնացված սյուժեների, սակայն ֆիլմերը որակյալ են: Գուցե, դժվար է միանշանակ ասելը, բայց ըստ Ձեզ՝ հայ ժամանակակից կինոն մրցունա՞կ է, ունի՞ յուրահատուկ ձեռագիր, դիմագիծ, թե՞ շատ անհատական է:

-Բարդ հարց է, բայց մրցունակ է, ինչն ապացուցում է հայկական կինոյի մասնակցությունը միջազգային կինոփառատոններին, ինչպես նաև գրանցած հաջողությունները: Դա նշանակում է, որ այսօրվա հայկական կինոն ունի իր արժեքը:

Կան մի շարք ֆիլմեր թե՛ կարճամետրաժ, թե՛ լիամետրաժ, որոնք լուրջ հաջողություններ ունեն միջազգային փառատոններում: Դա ցուցանիշ է: 2018-ին Ալեքսանդր Բաղդասարյանի «Նոր տարվա գոջի» դեբյուտային նախագիծը ընդգրկվեց Ֆրանսիայի «Կլերմոնտ …» կարճամետրաժ ֆիլմերի մրցութային ծրագրում: Բոլորս շատ ոգևորված էինք: Հաջորդ տարվանից այլ երիտասարդ կինոռեժիսորները ևս ակտիվացան: Մեկն անում է քայլը, հաջողությունը ժպտում է, և բոլորը սկսում են փորձել: Ակամայից իրար հետ ևս մրցում են, ինչը  ստեղծագործելու ազդակ է:

Կրկին հիշեմ «Ավրորայի լուսաբացը» ֆիլմը: Այն «Asian Pacific Festival» մրցանակաբաշխության ժամանակ, որը համարվում է ասիական օսկար, դարձավ «Լավագույն անիմացիոն ֆիլմ»: 2020-ին Կաննի կինոփառատոնի մրցութային ծրագրի երկու անվանակարգում ներկայացվեց հայ-ֆրանսիական արտադրության «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմը, որի ռեժիսորը Նորա Մարտիրոսյանն է, «Ամերիկացի»-ն եվրոպական փառատոններում էլ է մրցանակների արժանացել:

Այսօրվա հայկական կինոն վատը չէ, չի կարելի ասել՝ շատ լավն է, քանի որ միշտ էլ պետք է աշխատել և կատարելագործվել, սակայն այն մրցունակ է:

8D1A5236.JPG (464 KB)

-Վերադառնանք հայ կինոյի օրվան: Տիկին Միրզախանյան, ըստ Ձեզ՝ ի՞նչ փոխեց Հայ կինոյի օրը ոլորտում. ավելի արժևորե՞ց կինոգործիչների աշխատանքը, ընդգծե՞ց հայ կինոյի նշանակությունը, բարձրացրե՞ց ճանաչելիությունը, թե՞…

-Սա շատ կարևոր տոն է: Հիշենք, թե ինչպես է ստեղծվել հայկական կինոն, որն արդեն 101 տարեկան է: 101 տարի առաջ ինչ դժվարություններ է ունեցել մեր երկիրը,  տնտեսապես ինչ վատ վիճակում է եղել, բայց  հայտնվել են մարդիկ, անձեր, որոնք ստեղծել են կինոն: Նրանք են Դանիել Դզնունին, Համո Բեկնազարյանը և այլք: Այդ մարդիկ մեծ աշխատանք են կատարել: Շատ կարևոր է հիշել նաև այդ տարիներին պետական կառավարման համակարգի ղեկավար մարմիններին, որովհետև առանց նրանց դա անել հնարավոր չէր լինի: Նրանց աջակցությամբ Հայաստանում կինոարտադրություն է ստեղծվել:

Դա չնշելն ու տոն չդարձնելը սխալ կլինի: Կարևոր է, որ մեր ժողովուրդը դա հիշի, երիտասարդները տոնեն: Չէ՞ որ ամեն անգամ տոնելիս՝ կգնան պատմությանը, կհիշեն Համո Բեկնազարյանին, Դզնունուն և բոլոր այն մարդկանց, որոնք կանգնած են եղել հայ կինոյի ակունքներում ու հնարավորություն են տվել պետականորեն  կինոարտադրություն ստեղծել մեր երկրում:

Պետք է իմանալ մեր պատմությունը, հատկապես նրանք, ովքեր կինոյով են զբաղվում:

-Շնորհակալ եմ, տիկին Միրզախանյան: Հույս ունեմ, որ հայ կինոն գնալով ավելի մեծ նվաճումներ կունենա:

-Ես եմ շնորհակալ:

Անժելա Համբարձումյան

Լուսանկարները՝ Հայկ Բադալյանի


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am