Երևանում՝ 11:07,   16 Մայիս 2024

ՀԿ-ները հնարավորություն կունենան վերահսկելու ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոնի գործունեությունը

ՀԿ-ները հնարավորություն կունենան վերահսկելու ապաստան հայցողների 
ժամանակավոր տեղավորման կենտրոնի գործունեությունը

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարությունն առաջարկում է հասարակական կազմակերպություններին հնարավորություն ընձեռել վերահսկողություն իրականացնելու ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոնի գործունեության նկատմամբ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նախագիծը ներկայացրեց Ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը՝ մանրամասնելով ««Փախստականների և ապաստանի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը։

Հիմնական զեկուցողի խոսքով՝ ակնկալվում է, որ նման վերահսկողության առկայությունը Միգրացիայի և քաղաքացիության ծառայությանը հնարավորություն կտա վեր հանել ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոնում առկա խնդիրները և այնտեղ բնակվող անձանց իրավունքների պաշտպանության համար անհրաժեշտ քայլերն ավելի արդյունավետ կազմակերպել:

Նախագծի ընդունման արդյունքում կսահմանվեն համապատասխան իրավական հիմքերն ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոնում հասարակական վերահսկողություն իրականացնելու նպատակով հասարակական դիտորդների խմբի ստեղծման համար, ինչը կամրապնդի հասարակական կազմակերպությունների ու Միգրացիայի և քաղաքացիության ծառայության համագործակցությունը, հնարավորություն կստեղծի ապահովելու ապաստան հայցողների ժամանակավոր տեղավորման կենտրոնի գործունեության թափանցիկությունը: 
  
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը հետաքրքրվեց ապաստան հայցողների թվով
և թե ո՞ր երկրներից են ապաստան հայցողները, ինչին ի պատասխան` Արմեն Ղազարյանը հայտնել է, որ 2020 թվականին ապաստան հայցողների թիվը կազմել է 206, 2021 թվականին` 260, 2022 թվականին` 968, ինչը հիմնականում պայմանավորված է եղել Ուկրաինայում տեղի ունեցող դեպքերով, 2023 թվականին` 817 անձ: Առաջին տեղերում ավանդաբար Մերձավոր Արևելքի երկրներից` Իրաքից, Սիրիայից, Եգիպտոսից  դիմողներն են, 2022 և 2023 թվականներին միտումը փոխվել է. հիմնականում դիմել են Ուկրաինայից, Սիրիայից, Իրաքից: Հնդկաստանի քաղաքացիներից ապաստանի դիմումներ չեն եղել, ստացվել է 1-2 դիմում:

Հարակից զեկույցող, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը դրական գնահատեց նախագիծը` նշելով, որ այն միտված է ապաստան հայցողների իրավունքների պաշտպանությանը,  ինչպես նաև ժամանակավոր տեղավորման կենտրոնի գործունեության թափանցիկության ապահովմանը: Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել նախագծին:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am