Երևանում՝ 11:07,   16 Մայիս 2024

Տաջիկստանը և Ղրղզստանը համաձայնեցրել են վիճելի հատվածի ավելի քան 10 կիլոմետրի սահմանազատումը

Տաջիկստանը և Ղրղզստանը համաձայնեցրել են վիճելի հատվածի ավելի քան 10 կիլոմետրի սահմանազատումը

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Տաջիկստանի և Ղրղզստանի կառավարական պատվիրակությունների տեղագրական աշխատանքային ու իրավական խմբերը երկու երկրների  պետական ​​սահմանի սահմանազատման և սահմանագծման գործընթացում նկարագրել են  վիճելի սահմանային հատվածի ևս  10,76 կիլոմետրը:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, կողմերի հանդիպումը տեղի է ունեցել մարտի 12-ից 17-ը Տաջիկստանի Սուղդի շրջանի Բուստոն քաղաքում։ Այս մասին հայտնել է «Խովար» գործակալությունը՝ վկայակոչելով Տաջիկստանի ազգային անվտանգության պետական ​​կոմիտեն:

Աղբյուրի տեղեկատվությամբ՝ կողմերը նաև պայմանավորվել են հաջորդ հանդիպումն անցկացնել Ղրղզստանի տարածքում, որտեղ կշարունակեն աշխատել ընդհանուր պետական ​​սահմանի մնացած հատվածների  ուղղությամբ։

Ավելի վաղ գերատեսչությունը հայտնել էր, որ մարտի 15-ին այնտեղ հանդիպում է կայացել Տաջիկստանի և Ղրղզստանի կառավարական պատվիրակությունների համանախագահների, երկու երկրների ազգային անվտանգության պետական ​​կոմիտեների  նախագահների միջև, որի շրջանակներում քննարկվել են սահմանային հարցեր։

Բանակցությունների արդյունքում ձեռք է բերվել զգալի առաջընթաց, և կողմերի համապատասխան խմբերին տրվել են կոնկրետ հանձնարարականներ տաջիկա-ղրղզական պետական ​​սահմանի սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ՝ շարունակելու աշխատանքը մյուս տարածաշրջաններում ևս երկու պետությունների սահմանների հստակեցման ուղղությամբ:

Փետրվարին Տաջիկստանի արտաքին գործերի նախարար Սիրոջիդին Մուխրիդինն ասել էր, որ Տաջիկստանի և Ղրղզստանի պետական ​​սահմանի ընդհանուր գծի գրեթե 200 կիլոմետրն այժմ համաձայնեցված է։ Գերատեսչության ղեկավարը նշել է, որ Տաջիկստանը և Ղրղզստանը, իրենց նախագահների պայմանավորվածությունների համաձայն, շահագրգռված են ընդհանուր սահմանային գծի սահմանազատման և սահմանագծման գործընթացի շուտափույթ ավարտով, սակայն վերջնական համաձայնագրի ստորագրման ճշգրիտ ամսաթիվը դեռևս անհայտ է։

Տաջիկստանի և Ղրղզստանի հարաբերությունները նախկինում մի քանի անգամ վատթարացել են այն պատճառով, որ երկրները չեն ավարտել սահմանի սահմանազատման գործընթացը:

Դրա շուրջ բանակցությունները շարունակվում են 2002 թվականից: Սահմանի վիճելի հատվածներում պարբերաբար ծագում են ընդհարումներ, որոնցից ամենամեծը տեղի է ունեցել 2022 թվականի սեպտեմբերին, երբ կողմերը զենք են կիրառել։ Սահմանների սահմանազատման և սահմանազագծան հարցերով կառավարական հանձնաժողովները 2023-2024 թթ. պարբերաբար հանդիպումներ են անցկացրել սահմանի խնդիրը լուծելու համար։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am