Երևանում՝ 11:07,   7 Հունիս 2024

Օջալանը քուրդ ժողովրդի ազատության մունետիկն է.Երևանում կայացավ քուրդ հանրահայտ գործչի հեղինակային գրքի շնորհանդեսը

Օջալանը քուրդ ժողովրդի ազատության մունետիկն է.Երևանում կայացավ քուրդ 
հանրահայտ գործչի հեղինակային գրքի շնորհանդեսը

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի գրողների միությունում կայացավ Աբդուլլահ Օջալանի «Ժողովրդավարական քաղաքակրթության մանիֆեստ. Դիմակավորված աստվածների և քողարկված արքաների դարաշրջանը» գրքի շնորհանդեսը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բանաստեղծուհի, քուրդ գրողների միության անդամ Սայրան Ջալադին բացման խոսքում նշեց, որ Աբդուլլահ Օջալանի գրքում հանգամանորեն ներկայացված է քրդերի առաջնորդի կյանքն ու հեղափոխական գործունեությունը, աշխատություն, որն ունեցել է բազմաթիվ արձագանքներ ու դրական կարծիքներ։

8D1A5173.jpg (513 KB)

«Գրքի հրատարակումը երախտիքի դրսևորում է, խորին հարգանքի տուրք Իմրալի բանտում մեկուսացված և ծանր պայմաններում գտնվող գործչի հանդեպ։ Աշխատությունը պիտանի է ոչ միայն քուրդ ազգին, այլև ամբողջ մարդկությանը, քանի որ մեր առաջնորդի խորը փիլիսոփայական մտքերը կարող են մեծ հեղաշրջում կատարել՝ մեզ տանելով դեպի ծաղկուն դարաշրջան։ Գրքում ամփոփվել են Օջալանի առաջին քայլերը՝ միտված ազատ ապագային։ Հանգամանորեն ներկայացված է, թե ինչպես է նա կազմավորել Քրդական բանվորական կուսակցությունը և ինչպես պետք է յուրաքանչյուր պայքարող ստանա փայլուն կրթություն։ Օջալանն անդրադարձել է բազմաթիվ կարևոր հարցերի, որոնք այսօր էլ չեն կորցրել իրենց արդիականությունը»,- ասաց Ջալադին։

Նրա խոսքով՝ գրքի ընթերցումը հնարավորություն կտա ծանոթանալ բազմաթիվ հետաքրքիր իրադարձությունների ու գաղտնազերծված իրողությունների, իմանալ, թե ինչպես են մեր օրերում թուրքական իշխանությունները ցանկանում ոչնչացնել բազմամիլիոն քուրդ ժողովրդին։

«Խոշտանգելով և ազատությունից զրկելով մեր առաջնորդին՝ փորձում են լռեցնել մի հին ազգի, որը երբեք ծնկի չի գա, քանի որ Ապոյի գաղափարական խորիմաստ կոչը մեզ բավարար է, որպեսզի շարունակենք պայքարել հանուն մեր մարդկային իրավունքի ու հայրենիքի ազատագրման։ Մի՞թե սխալ է հանուն մարդասիրության, եղբայրության, ճշմարտության և հայրենիքի համար պայքարելը, մի՞թե սխալ է գործում այն ազգը, որը ցանկանում է ազատության ձայն բարձրացնել։ Օջալանը քուրդ ժողովրդին նոր կյանք շնորհեց և լուսավորեց պայծառ գաղափարներով, ուստի այս գիրքը նրա նուրբ հոգու, խրոխտ ու ազատատենչ հեղափոխական գործչի մարդկայնության և դրական հատկանիշների ապացույցն է»,-ասաց Ջալադին։   

Հայաստանի քրդական ազգային խորհրդի նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Կնյազ Հասանովն իր հերթին նշեց, որ Աբդուլլահ Օջալանն ամբողջ աշխարհին վաղուց հայտնի է իր գաղափարներով, քրդական հեղափոխական շարժումը ղեկավարելու հմտությամբ, քուրդ ժողովրդին առաջնորդելու առաքելությամբ։

8D1A5172.jpg (467 KB)

«Նա արտահայտում է մեր ժողովրդի կամքը և այս գրքում շարադրել է իր հայացքներն ու պատկերացումները ապագայի վերաբերյալ։ Հանգամանորեն անդրադարձել է բազմաթիվ հետաքրքիր իրադարձությունների, այդ թվում իր ձերբակալության մանրամասներին, որն իսկապես դավադրության արդյունք էր։ Օջալանը դեռ ուսանողական տարիներին տեսավ, որ Թուրքիայում ապրող շուրջ քսանհինգ միլիոն քրդերը հետզհետե կեղեքվում են իշխանությունների կողմից, արգելվում է քրդերենը, սահմանափակվում են քրդերի իրավունքներն ու ազատությունները, ուստի իրավաբանական ֆակուլտետի ուսանող եղած ժամանակ ստեղծեց Քրդական բանվորական կուսակցությունը՝ նրա մեջ ներգրավելով ուսյալ ու խելացի մարդկանց։ Առնչվելով իր առաջնորդի գաղափարախոսության հետ՝ քուրդ ժողովրդի մեջ գնալով մեծացավ նրա կուսակցության հետևից գնալու տենչը, հարյուր հազարավոր մարդիկ անդամագրվեցին այդ ուժին, որովհետև Օջալանի գաղափարախոսությունն առնչվում է ոչ միայն քուրդ ազգին, այլև համայն աշխարհի ազատատենչ ժողովուրդներին»,-ասաց Հասանովը։

Նրա դիտարկմամբ՝ Իմրալի բանտում գրված այս մեծածավալ աշխատությունը յուրատեսակ ուղեցույց է, ունի նաև պատմագիտական արժեք։ Պատգամավորի բնորոշմամբ՝ Օջալանը քուրդ ժողովրդի ազատության մունետիկն է, և չարաչար սխալվում են նրանք, ովքեր կարծում են, որ նրան ձերբակալելով՝ կարող են կասեցնել նրա ղեկավարած ազատագրական պայքարը։ Հասանովը տեղեկացրեց, որ քրդերի առաջնորդն իր աշխատության մեջ նաև հստակ ուղերձներ է հղել հայ ժողովրդին և կոնկրետ երրորդ հատորում հանգամանորեն անդրադարձել է երիտթուրքերի կողմից իրականացված Հայոց Ցեղասպանությանը։ Հասանովը նշեց նաև, որ տարիներ շարունակ Հայաստանի հանրային ռադիոյի քրդերեն թողարկումները մեծ հետաքրքրությամբ լսել են Թուրքիայում ապրող քրդերը, և հայկական ռադիոն, ըստ էության, նրանց մեջ արթնացրել է հարազատ լեզուն։    

«Քուրդիստանի կոմիտե» կազմակերպության համանախագահ Սլո Դրբոյանն էլ ասաց, որ Աբդուլլահ Օջալանն ամբողջ Մերձավոր Արևելքի գաղափարական ամենահայտնի առաջնորդներից մեկն է։

8D1A5174.jpg (511 KB)

«Միջագետքը մարգարեներից հետո չի ունեցել նման առաջնորդ, ով ի վիճակի է կազմակերպել նման տարողունակ շարժում՝ համապատասխան լուծումներ առաջադրելով տարատեսակ խնդիրների համար։ Ավելի քան հիսուն տարի է, ինչ հետևելով նրա գաղափարախոսությանը՝ մարդիկ փոխել են իրենց մտածելակերպը, ավելի ու ավելի են ժողովրդավարացվել՝ խուսափելով ծայրահեղ ազգայնականությունից ու կրոնամոլությունից, որոնք զավթիչների ու գաղութարարների ձեռքի գործիքներն են։ Եթե Հայաստանում ապրող քրդերը նույնպես կարդան այս գիրքը, ապա նրա էջերում անպայման կգտնեն իրենց, կհաղորդակցվեն իրենց ինքնությանն ու պատմությանը»,-ասաց Դրբոյանը։     

Աբդուլլահ Օջալանի մեծածավալ աշխատությունը բաղկացած է հինգ հատորից, թարգմանվել է յոթ լեզուներով ու հրատարակվել մի շարք երկրներում։ Առաջին հատորը թուրքերենով հրատարակվել է դեռևս 2004 թվականին և այսօր այն հայերենով ներկայացվում է հայ հասարակությանը։ Հայաստանում նախատեսված է հրատարակել նաև մյուս չորս հատորները։

Աբդուլլահ Օջալանը, ով հայտնի է «Ապո» մականվամբ, քուրդ հեղափոխական և քաղաքական գործիչ է, Քրդական բանվորական կուսակցության հիմնադիրն ու նախկին ղեկավարը։ Թուրքիայում դատապարտված է ցմահ ազատազրկման, 1999 թվականից բանտարկված է Էմրալի կղզում։

Մանվել Մարգարյան

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am