Միջազգային

Բրիտանիան և Իտալիան նույնպես դեմ են արտահայտվել Ուկրաինա զորքեր ուղարկելուն

2 րոպեի ընթերցում

Բրիտանիան և Իտալիան նույնպես դեմ են արտահայտվել Ուկրաինա զորքեր ուղարկելուն

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մեծ Բրիտանիան չի նախատեսում ռազմական մեծամասշտաբ անձնակազմ ուղարկել Ուկրաինա։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի ներկայացուցիչը։

«Մեծ Բրիտանիան արդեն փոքրաթիվ անձնակազմ ունի երկրում, որն աջակցում է Ուկրաինայի զինված ուժերին, այդ թվում՝ բժշկական պատրաստության համար», - նրա խոսքերն է մեջբերում Barron's լրատվամիջոցը։

Նա նշել է, որ Միացյալ Թագավորությունը չի նախատեսում «մեծամասշտաբ տեղակայում իրականացնել» Ուկրաինայում։

Իտալիայի արտաքին գործերի նախարար և փոխվարչապետ Անտոնիո Տայանին նույնպես դեմ է արտահայտվել Ուկրաինա զորքեր ուղարկելուն, ինչն ավելի վաղ չէր բացառել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

«Մենք Ռուսաստանի հետ պատերազմական վիճակում չենք, մենք պաշտպանում ենք Ուկրաինան, և ես անձամբ դեմ եմ իտալական զորքեր ուղարկելուն՝ Ուկրաինայում կռվելու», - մեջբերում է ANSA գործակալությունը նրա խոսքերը:

Ավելի վաղ Ուկրաինա մարտական ուժեր ուղարկելու հնարավորությունը մերժել էին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան, Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։

Ուկրաինայում Արևմտյան երկրների զինվորականների հնարավոր տեղակայման առնչությամբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը փետրվարի 26-ին հայտարարել էր, որ «ոչինչ չպետք է բացառել»։ Նա հայտնել էր, որ «ամեն ինչ հնարավոր է», չնայած Փարիզում տեղի ունեցած բանակցությունների արդյունքում «պաշտոնական» փոխհամաձայնություն ձեռք չի բերվել։

Արձագանքելով Մակրոնի հայտարարությանը՝ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովըհայտարարել էր, որ Արևմտյան զորքեր Ուկրաինա ուղարկելը կհանգեցնի Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ուղղակի ռազմական բախման:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում