Միջազգային

Մակրոնը չի բացառել Արևմտյան երկրների զինվորականների տեղակայումն Ուկրաինայում

3 րոպեի ընթերցում

Մակրոնը չի բացառել Արևմտյան երկրների զինվորականների տեղակայումն Ուկրաինայում

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ «ոչինչ չպետք է բացառել»՝ պատասխանելով Ուկրաինայում Արևմտյան երկրների զինվորականների հնարավոր տեղակայման վերաբերյալ հարցին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The New York Times պարբերականը։

Փարիզում Ուկրաինային աջակցության տրամադրման թեմայով ԵՄ ղեկավարների հանդիպումից հետո Մակրոնը շեշտել է, որ բանակցությունների արդյունքում Ուկրաինա զորքեր ուղարկելու շուրջ ձեռք չի բերվել փոխհամաձայնություն «պաշտոնական և հաստատված» ձևով, սակայն «ամեն ինչ հնարավոր է, եթե դա օգտակար կլինի մեր նպատակին հասնելու համար»։ Ֆրանսիայի նախագահի խոսքով՝ պետք է այնպես անել, որ «Ռուսաստանը չհաղթի այս պատերազմում»։

Մակրոնի այս հայտարարությունը մեծապես տարբերվում է Արևմտյան ղեկավարների, այդ թվում՝ հենց Մակրոնի՝ նախկինում դրսևորած զգուշավորությունից։ Նրանք բազմիցս հայտարարել են, որ ցանկանում են խուսափել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հակամարտության սրումից, և բացառել են Ուկրաինա զորքեր ուղարկելու հնարավորությունը։

Փարիզում տեղի ունեցած հանդիպումից առաջ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն էր հայտարարել, որ ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի առանձին երկրներ դիտարկում են Ուկրաինա զինվորներ ուղարկելու հարցը, և հավելել էր, որ ինքը դեմ է այդ գաղափարին։

Ֆրանսիայի նախագահը, սակայն, չի նշել, թե ո՛ր երկրներն են կողմ կամ դեմ այդ տարբերակին։

«Ես չեմ ցրի այսօրվա բանավեճերի անորոշությունը՝ անուններ տալով, - ասել է նա։ - Ես ասում եմ, որ դա նշվել է տարբերակների մեջ»։

Փարիզում կայացած հանդիպմանը մասնակցել են գրեթե 30 ղեկավարներ և բարձրաստիճան պաշտոնյաներ, հիմնականում՝ եվրոպական երկրներից։

Ուկրաինայում Ռուսաստանի ծավալած ռազմական գործողությունները շարունակվում են արդեն երկու տարի։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փետրվարի 25-ին հայտարարել էր, որ երկու տարվա ռազմական գործողությունների ընթացքում զոհվել է 31 000 ուկրաինացի զինվոր։ Սակայն, The New York Times-ի հաղորդմամբ, այս թիվը մեծապես տարբերվում է ԱՄՆ-ի գնահատումներից, ըստ որոնց՝ ուկրաինացի զինվորականների շարքում զոհերի թիվը շուրջ 70 000 է։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում