Պաղեստինի վարչապետը նախագահ Աբբասին է ներկայացրել կառավարության հրաժարականը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պաղեստինյան ազգային վարչակազմի վարչապետ Մուհամմադ Շտայեն պաշտոնապես ներկայացրել է կառավարության հրաժարականը նախագահ Մահմուդ Աբբասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է պաղեստինյան Wafa լրատվական գործակալությունը։
«Ես կառավարության հրաժարականը նախագահ Մահմուդ Աբբասին եմ ներկայացրել 2024 թ․ փետրվարի 20-ին, իսկ այսօր ես այն հանձնում եմ գրավոր կերպով», - նրա խոսքերն է մեջբերում Wafa-ն։
Նախարարների կաբինետի նիստի ժամանակ վարչապետը պարզաբանել է, որ «այս որոշումը գալիս է Գազայի հատվածում պաղեստինցի ժողովրդի դեմ ագրեսիայի և Հորդանան գետի արևմտյան ափին, ներառյալ՝ Երուսաղեմ քաղաքում, աննախադեպ էսկալացման հետ կապված քաղաքական, անվտանգային և տնտեսական զարգացումների լույսի ներքո»:
Մուհամմադ Շտայեն ներկայացրել է իր կառավարման տարիներին հաղթահարած մի շարք մարտահրավերները և հավելել, որ «հաջորդ փուլը և դրա մարտահրավերները պահանջում են նոր կառավարական և քաղաքական պայմանավորվածություններ, որոնք հաշվի են առնում Գազայի հատվածում ձևավորվող իրականությունը»։
Մուհամմադ Շտայեն Պաղեստինյան ազգային վարչակազմի վարչապետն է 2019 թվականից։