Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վստահ եմ, որ գործողություններ կլինեն․ փոխվարչապետը՝ Քամիլ Զեյնալիին Բաքու վերադարձնելու մասին

Վստահ եմ, որ գործողություններ կլինեն․ փոխվարչապետը՝ Քամիլ Զեյնալիին 
Բաքու վերադարձնելու մասին

ԵՐԵՎԱՆ,22 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն անդրադարձել է Հայաստանի կողմից մի շարք ծանր հանցագործությունների մեջ մեղադրվող և հետախուզման մեջ գտնվող Քամիլ Զեյնալիին Բաքու վերադարձնելու մասին լուրին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ճեպազրույցի ժամանակ լրագրողներից մեկը խնդրեց մեկնաբանել ՀՀ-ի կողմից հետախուզվող ադրբեջանցի Քյամիլ Զեյնալլիին Բաքու վերադարձնելու և նրան որպես հերոս դիմավորելու լուրերը։

«Վստահ եմ, որ գործողություններ կլինեն, բայց հիմա չեմ ուզում ավելի մանրամասն խոսել, որովհետև, այնուամենայնիվ, հարցի հետ կապված՝ նաև կոլեգիալ քննարկում պետք է լինի իրավապահ մարմինների հետ»,- ասաց Գրիգորյանը։

Հարցին, թե ի՞նչ հետևություն է պետք անել այս ամենից, փոխվարչապետը պատասխանեց․
«Եկեք առաջ չընկնենք: Երբ կլինի պաշտոնական արձագանքը, այդ ժամանակ էլ կխոսենք»:

Ավելի վաղ Հայաստանի ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակն «Արմենպրես»-ին հայտնել էր, որ Հայաստանի ՆԳՆ-ն փետրվարի 21-ի կեսօրին Ռուսաստանից պաշտոնական գրություն է ստացել Հայաստանի կողմից մարդկայնության դեմ հանցագործության մեղադրանքով հետախուզվող ադրբեջանցի Քամիլ Զեյնալիին հայտնաբերելու մասին։ ՆԳՆ-ն անմիջապես հաստատել է, որ Զեյնալին Հայաստանի կողմից գտնվում է միջպետական հետախուզման մեջ, խափանման միջոցը՝ կալանք։

Փետրվարի 21-ին հայտնի դարձավ, որ Ռուսաստանի ոստիկանությունը Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում ձերբակալել է Ադրբեջանի քաղաքացի Քամիլ Զեյնալիին, որի նկատմամբ Հայաստանի կողմից միջազգային հետախուզում է հայտարարված։ «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը տեղեկացրել էր, որ Զեյնալիի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարված սպանության մեղադրանքով։ Ավելի ուշ ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով Զեյնալիի փաստաբանին, մանրամասներ ներկայացրեցին, թե Հայաստանում ինչ մեղադրանքներ են ներկայացվել Զեյնալիին։ Զեյնալիի փաստաբանը հայտնել էր, որ իր պաշտպանյալին մեղադրանք է առաջադրվել Հայաստանի քրեական օրենսգրքի 135-րդ (մարդկայնության դեմ ուղղված հանցագործություններ), 147-րդ (վարձկանությունը) և 149-րդ (ռազմական ագրեսիան) հոդվածներով։

Փետրվարի 21-ի երեկոյան հայտնի դարձավ, որ ՌԴ իրավապահներն ազատ են արձակել Զեյնալիին, իսկ ավելի ուշ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնեցին, որ Քամիլ Զեյնալին վերադարձել է Բաքու՝ տարածելով համապատասխան լուսանկարներ և տեսանյութեր։

Ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ Քամիլ Զեյնալին մասնակցել է 2020 թվականի 44-օրյա պատերազմին, որի ընթացքում իրականացրել է պատերազմական հանցագործություններ, մասնավորապես սպանել է խաղաղ բնակչի։

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]