Հաղթող` կյանքի համար պայքարում. քաղցկեղը հաղթահարած Ալեքսի առողջ կյանքի սկիզբը
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 15 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղցկեղի դեմ տարած հաղթանակը խորհրդանշող զանգը ևս մեկ անգամ հնչեց․ այս անգամ այն հնչեց 10-ամյա Ալեքսի համար` ազդարարելով առողջ կյանքի սկիզբը: Վանաձորցի Ալեքսը անձամբ հնչեցրեց խորհրդանշական զանգը, ապա շրջեց արյունաբանական կենտրոնում՝ բուժում ստացող բոլոր բալիկներին մաղթելով շուտափույթ ապաքինում:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ 10-ամյա Ալեքսը իր բուժող բժշկի կողմից ստացավ նաև խորհրդանշական մեդալը՝ «Հաղթող՝ կյանքի պայքարում»:
Երազանքներ ու նպատակներ Ալեքսը շատ ունի, որոնց մեծ մասը կապված են քաղցկեղ ունեցող մարդկանց օգնելու հետ:
«Երբ մեծանամ, երազում եմ բանկի կառավարիչ դառնալ, որ կարողանամ շատ գումար աշխատել և նվիրել հիվանդանոցին քաղցկեղով հիվանդ երեխաների բուժման համար»,- ասաց Ալեքսը:
Ալեքսին բուժող բժիշկ, արյունաբան Գրիգոր Վարդանյանը նշեց, որ երկու տարի բարդ ճանապարհ են անցել, բայց կարողացել են հաղթահարել սուր լիմֆոբլաստային լեյկոզ հիվանդության բավականին բարդ տարբերակը:
«Բուժման ընթացքում ունեցանք բարդություններ, որոնք Ալեքսը հաջողությամբ հաղթահարեց, և այսօրվա մեդալը, որ նա ստացավ՝ որպես կյանքի համար պայքարում հաղթող, միանշանակ արդարացված է, քանի որ նա այս պայքարում իրապես հաղթող է: Այսօր նա հաջողությամբ ավարտել է և՛ հիմնական, և՛ բուժմանը հաջորդող պահպանողական բուժման փուլը»,-ասաց արյունաբանը:
«Սիթի Օֆ Սմայլ» հիմնադրամի տնօրեն Էսթեր Դեմիրճյանը նշեց, որ հիմնադրամը նոր ձևաչափով քաղցկեղով հիվանդ փոքրիկների կողքին է 2018 թվականից՝ ֆինանսավորելով 750 երեխայի բուժում, որոնցից 450-ն արդեն ավարտել են իրենց բուժումը:
«Այս օրը, բնականաբար, շատ հատկանշական է, քանի որ մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է, բայց բոլորս էլ հասկանում ենք, որ մենք այդ պայքարը տանում ենք և տանելու ենք տարին 365 օր անդադար»,-ասաց Դեմիրճյանը:
Հիմնադրամի առաքելությունն այսօր կարևոր դեր ունի, քանի որ, ըստ տնօրենի՝ շատ-շատերը առանց հիմնադրամի աջակցության չէին կարողանա հոգալ բուժման ծախսերը: Ըստ նրա՝ հիվանդների 70 տոկոսը գալիս են մարզերից և ունեն սոցիալական ծանր վիճակ:
Իրենց բուժման ավարտն ազդարարած փոքրիկներն ապացույցն են այն գաղափարի, որ քաղցկեղը դատավճիռ չէ, այն կարելի է հաղթահարել բժիշկների, աջակիցների, դրական և հաղթական տրամադրվածության շնորհիվ:
Փետրվարի 15-ը Մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օրն է։ Ամբողջ աշխարհը 2002 թվականից ամեն տարի փետրվարի 15-ը նշում է որպես մանկական քաղցկեղի դեմ պայքարի օր։ Այս նախաձեռնության նպատակն է հասարակության ուշադրությունը հրավիրել երեխաների քաղցկեղով հիվանդացության խնդիրներին, բարձրացնել մանկական քաղցկեղի վերաբերյալ տեղեկացվածությունը և աջակցություն ցուցաբերել հիվանդ երեխաներին ու նրանց ընտանիքի անդամներին: