Լատվիայի ԱԳՆ-ն նախարարների նկատմամբ հետախուզում հայտարարելու պատճառով կանչել է ՌԴ գործերի ժամանակավոր հավատարմատարին
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լատվիայի արտաքին քաղաքական գերատեսչությունը կանչել է Լատվիայում ՌԴ գործերի ժամանակավոր հավատարմատար Օլեգ Զիկովին՝ կապված Ռուսաստանի ներքին գործերի նախարարության կողմից լատվիացի մի քանի նախարարների նկատմամբ հետախուզում հայտարարելու հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Լատվիայի ԱԳՆ-ն։
«2024 թվականի փետրվարի 14-ին Ռուսաստանի Դաշնության դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար Օլեգ Զիկովը կկանչվի Լատվիայի արտաքին գործերի նախարարություն՝ նրա բացատրություններն ստանալու բաց հասանելիությամբ հրապարակված ցուցակի վերաբերյալ, որում ընդգրկված են Լատվիայի նախկին և գործող պետական ծառայողներ, որոնց դեմ Ռուսաստանը քաղաքական դրդապատճառներով մեղադրանքներ է առաջադրել», - հայտարարությունից հատված է մեջբերում ՏԱՍՍ-ը։
Փետրվարի 13-ին Ռուսաստանի ՆԳՆ-ն քրեական հոդվածով հետախուզում է հայտարարել Լատվիայի արդարադատության նախարար Ինեսե Լիբինյա Էգներեի, ֆինանսների նախարար Արվիլս Աշերադենսի և հողագործության նախարար Արմանդ Կրաուզեի նկատմամբ։ Հետախուզում է հայտարարվել նաև Էստոնիայի վարչապետ Կայա Կալլասի, Էստոնիայի պետքարտուղար Տայմար Պետերկոպի և Լիտվայի մշակույթի նախարար Սիմոնաս Կայրիսի նկատմամբ։
Իրավապահ մարմինները ՏԱՍՍ-ին հայտնել են, որ նրանք հետախուզվում են խորհրդային զինվորների հուշարձանները ոչնչացնելու և վնասելու քրեական գործի շրջանակներում։
2022 թվականի մայիսի 13-ին Լատվիայի Սեյմն օրենք է ընդունել, որով կասեցվում է Ռուսաստանի հետ հուշակոթողների և հուշարձանների մասին երկկողմ համաձայնագրի 13-րդ հոդվածի գործողությունը։ Այս հոդվածը Մոսկվային և Ռիգային պարտավորեցնում էր անվնաս պահել հուշահամալիրներն ու զինվորների գերեզմանները, ինչպես նաև ապահովել դրանց խնամքն ու բարեկարգումը։ Քվեարկության ժամանակ Աշերադենսը, Լիբինյա Էգներեն և Կրաուզեն Սեյմի պատգամավորներ էին։
Խորհրդարանի որոշումից հետո Լատվիայում ապամոնտաժվել են հուշարձաններ, այդ թվում՝ խորհրդային բանակի զինվորների՝ գերմանաֆաշիստական զավթիչներից Խորհրդային Լատվիան և Ռիգան ազատագրողների հուշարձանը։