ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամերիկացի հայտնի լրագրող Թաքեր Կառլսոնը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հարցազրույց վարելու պայմանավորվածություն ունի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա տեսանյութ է տարածել X սոցիալական հարթակում։
«Այս երեկո մենք Մոսկվայում ենք։ Այստեղ ենք, որ հարցազրույց վերցնենք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից։ Մենք դա կանենք շուտով», - ասում է Կառլսոնը՝ նշելով, որ նման հարցազրույց անցկացնելը «վտանգներ է պարունակում», սակայն իր գործը՝ որպես լրագրողի, մարդկանց տեղեկացնելն է։
X սոցիալական հարթակում Մոսկվայի ժամանակով փետրվարի 6-ին, ժամը 22։44-ին հրապարակված տեսանյութը մեկ գիշերվա ընթացքում արդեն 54,6 միլիոն դիտում ունի։
Կառլսոնը նաև հայտնել է, որ հարցազրույցն առանց խմբագրման կցուցադրվի իր Tucker Carlson կայքում, ինչպես նաև X սոցիալական հարթակում, որի սեփականատեր Իլոն Մասկը «խոստացել է չարգելափակել» տեսանյութը։ Լրագրողը վստահություն է հայտնել, որ արևմտյան երկրներում հարցազրույցի տեսանյութը գրաքննության կենթարկվի, քանի որ այնտեղ «վախենում են այն տեղեկատվութունից, որը չեն կարող վերահսկել»։
Լրագրողը նաև նշում է, որ ինքն է վճարել դեպի Մոսկվա ուղևորության համար, և ոչ մի կառավարություն կամ խումբ իրեն չի ֆինանսավորել։