Երևանում՝ 11:07,   29 Մայիս 2024

Անկախության հռչակագրի հետ մեր հարաբերություններն իրոք պետք է կարգավորենք. ՀՀ վարչապետ

Անկախության հռչակագրի հետ մեր հարաբերություններն իրոք պետք է 
կարգավորենք. ՀՀ վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ եթե Հայաստանի պետական քաղաքականությունն առաջնորդվի և ելնի Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի վերամիավորման որոշման վրա, խաղաղություն երբեք չի լինի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանը նման համոզմունք է հայտնել Հայաստանի Հանրային ռադիոյի «Անվտանգային միջավայր» հաղորդմանը տված հարցազրույցում՝ անդրադառնալով հնարավոր նոր Սահմանադրության համատեքստում Անկախության հռչակագրին:

«Հռչակագիրն ի՞նչ է. մենք հռչակել ենք, թե մենք ինչի համար ենք պետություն ստեղծում, որովհետև հռչակագիրը նրա մասին է, որ մենք սկսում ենք անկախ պետություն ունենալու գործընթաց: Եվ երեք ուղենիշ ենք նշում, մեկը՝ պատմական արդարությունը, մյուսը՝ հայ ժողովրդի իղձերը և երրորդը՝ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի և Հայաստանի Գերագույն խորհրդի վերամիավորման որոշումները: Մենք, օրինակ, միշտ նայում ենք Ադրբեջանի տեսակետից, իսկ մենք ինչի՞ չենք նայում՝ մեր ուրիշ հարևանները ո՞նց են ընկալում: Ո՞նց են ընկալում այն, որ մենք ասում ենք՝ պետություն ենք ստեղծում, որ պատմական արդարությունը վերականգնենք: Ի՞նչ է նշանակում պատմական արդարությունը վերականգնել»,-ասել է Փաշինյանը:

Վարչապետը նկատել է՝ Հայաստանում մտածում են, թե Ադրբեջանն ինչպես է ընկալում, Թուրքիան ինչպես է ընկալում, իսկ ինչո՞ւ հարց չի տրվում, թե Վրաստանը ինչպես է ընկալում: «Ինչո՞ւ մենք մեզ հարց չենք տալիս՝ ինչո՞ւ Վրաստանը պաշտպանական ոլորտի խորը հարաբերություններ ունի Ադրբեջանի և Թուրքիայի և ոչ թե Հայաստանի հետ: Կապ կարո՞ղ է սա ունենալ այն ուղերձների հետ, որոնք մենք հղել ենք, որոնք մենք դրել ենք մեր պետության հիմքում»,-ասել է նա:

Վարչապետը հավելել է. «Մենք այսօր հռչակագրի հետ մեր հարաբերություններն իրոք պետք է կարգավորենք: Հիմա հարց՝ մեր պետական քաղաքականությունն արդյոք պիտի հղվի դրա վրա և արդյոք մեր պետական քաղաքականությունները պետք է այդ ուղերձով առաջնորդվեն և պետք է ելնեն Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի և Հայաստանի Գերագույն խորհրդի՝ Ղարաբաղի և Հայաստանի վերամիավորման որոշման վրա: Սա քաղաքական ընտրության հարց է: Եթե այո, սա նշանակում է, որ մենք խաղաղություն երբեք չենք ունենա: Ավելին՝սա նշանակում է, որ մենք հիմա կունենանք պատերազմ»:

Փաշինյանն ընդգծել է՝ տնտեսությունը լավ աճում է, ակնհայտորեն բոլորը տեսնում են, որ Հայաստանը բանակի վերափոխման վրա շատ լուրջ ռեսուրսներ է ծախսում:

«Այսինքն՝ մենք հռչակում ենք, ասում ենք, որ հիմա բանակն ուժեղացնում ենք և գնանք իրագործենք մեր հռչակագրի դրույթները: Եթե մենք այսպես ենք ասում, սա ի՞նչ է նշանակում: Սա նշանակում է, որ մեր հարևանները դաշինք են ձևավորելու մեզ ոչնչացնելու համար, որովհետև մենք հռչակել ենք, որ առնվազն մենք իրենց հետ թեմա ունենք: Իմ այս խոսույթի զարգացումը և ընկալումը ժողովրդի շրջանում Հայաստանն ուժեղացնելո՞ւ է, թե՞ թուլացնելու է: Միանշանակ Հայաստանն ուժեղացնելու է, որովհետև եթե մենք հենվում ենք այս խոսույթի վրա և սա ընտրում ենք որպես երկարաժամկետ ռազմավարություն, մենք զենք ձեռք բերելիս էլ խնդիր չենք ունենա կամ քիչ խնդիր կունենանք կամ մենք զենք ներմուծելիս էլ քիչ խնդիր կունենանք, որովհետև բոլորը կընկալեն, որ այդ զենքը մենք չենք բերում իր համար»,-ասել է Փաշինյանը:

Վարչապետը նկատել է՝ մարդիկ անընդհատ, ամեն ինչ նայում են Ադրբեջանի, Թուրքիայի տրամաբանությամբ, թվում է, որ այս աշխարհում Հայաստանն է, Թուրքիան ու Ադրբեջանը:

«Այն, ինչ ես ասում եմ՝ մեր պետությունն այս առաջարկվող խոսույթն իրագործելու դեպքում ուժեղանալո՞ւ է, թե թուլանալու է: Միանշանակ ուժեղանալու է: Իսկ, կներեք, Ադրբեջանն ուզո՞ւմ է, որ մեր պետությունը ուժեղանա»,-ասել է նա:

Վարչապետն ընդգծել է՝ Ադրբեջանը թշնամանքի խորը զգացում ունի Հայաստանի նկատմամբ և բացի ռազմավարական և այլ բաներից, ուզում է  վրեժխնդիր լինել:

«Եվ, հիմա, երբ ինքը տեսնում է, որ Հայաստանում խոսույթ է ձևավորվում, որը հնարավոր է, որ իրագործվի և որի արդյունքում Հայաստանի Հանրապետությունը կուժեղանա, ինքը պետք է ամեն ինչ անի, որ դա ընդհակառակը՝ Հայաստանի թուլացման պատճառ դառնա: Ու ինքն ի՞նչ պիտի ասի, պիտի ակնարկ անի, ասի՝ դե մեր պահանջով են այս ամեն ինչն անում: Ես ինչի էի ասում՝ մենք երկուսով ենք խոսում, սա մեր ներքին խոսակցությունն է, ինքն անընդհատ ուզենալու է մեր խոսակցության սեղանի շուրջը նստել, որ մեր խոսակցությունը մեզ հետ տեղի չունենա: Մանավանդ, որ հասկանալիորեն Հայաստանում կան ուժեր՝ մի մասն անկեղծ, օբյեկտիվորեն, մյուս մասը՝ ուղղորդմամբ, որոնք չեն ուզում, որ այս բովանդակությունն ընկալվի, նրանք ուզում եմ ասել՝ այս կառավարությունն ինչ անում է, անում է Ադրբեջանի պահանջով, Ադրբեջանի համար, Ադրբեջանի օրակարգն է բերում»,-ասել է նա:

Փաշինյանը հավելել է՝ իր ասածը հետևյալն է, որ Հայաստանը պետք է կառավարի իր նկատմամբ գոյություն ունեցող ագրեսիվությունը, բայց նախ պետք է հասկանա, թե ինչն է այդ ագրեսիվության պատճառը:

Անդրադառնալով Ադրբեջանի նախագահի արտահայտություններին՝ «Արևմտյան Ադրբեջան», «Զանգեզուրի միջանցք», «Երևանը՝ ադրբեջանական քաղաք» և այլն՝ Փաշինյանն ասել է, որ  ինքը տեսել է դրանք: «Եվ հասկանալիորեն, դա մեր օրակարգի անբաժանելի մաս է, բայց ես ասում եմ՝ եկեք մենք խոսենք մեզ հետ և մեր մասին, որովհետև երբ մենք մեզ հետ և մեր մասին խոսակցությունը կարողանանք ճիշտ հունի մեջ դնել, մեր այդ սպառնալիքները կառավարելու ընդունակությունն ու գործիքներն ավելի կմեծանան»,-նշել է նա:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am