Քաղաքականություն

Հայաստանը «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ներկայացրել է Glօbal Gateway ներդրումային համաժողովում

3 րոպեի ընթերցում

Հայաստանը «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ներկայացրել է Glօbal Gateway ներդրումային համաժողովում

ԲՐՅՈՒՍԵԼ, 30 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ներկայացվել է Բրյուսելում մեկնարկած Glօbal Gateway ներդրումային համաժողովի ժամանակ։

Ինչպես հաղորդում է Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակիցը, համաժողովի շրջանակներում «Հարավային Կովկաս և Թուրքիա․ Կենտրոնական Ասիայի և Եվրոպայի միջև ամուր կապող օղակ» թեմայով պանելային քննարկման ժամանակ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը ներկայացրել է Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը։

00098404802-9a41-4431-9b2e-83ba30c7df33.jpg (94 KB)

Փոխնախարարն ասել է, որ ծրագրի հիմնական սկզբունքն այն է, որ բոլոր ենթակառուցվածքները, այդ թվում՝ ճանապարհները, երկաթուղիները, օդային ուղիները, խողովակաշարերը, մալուխները, էլեկտրահաղորդման գծերը, գործեն այն երկրների ինքնիշխանության և իրավասության ներքո, որոնցով դրանք անցնում են։ «Աշխարհաքաղաքական վերջին զարգացումները ապացուցեցին, որ տրանսպորտային երթուղիների դիվերսիֆիկացիան կենսական անհրաժեշտություն է տարածաշրջանային շուկաներ ապրանքների մատակարարման շարունակականության համար: Եվ սա է պատճառը, որ Հայաստանի կառավարությունը նախագծել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը։ Գործարկման դեպքում առաջին տարվա ընթացքում այն կապահովի 4,7 մլն տոննա բեռի և 300 հազար ուղևորի փոխադրում տարածաշրջանի երկրներով։ Մինչև 2050 թվականը Հայաստանի Հանրապետության երկաթուղային ենթակառուցվածքով տարածաշրջանային երկրների միջև փոխադրվող բեռների ծավալը կկազմի մոտավորապես 10 մլն տոննա», - ասել է Սիմոնյանը։

f9072b8d-ca32-480b-9809-083f2822a7fd.jpg (231 KB)

Համաժողովի շրջանակներում փոխնախարար Արմեն Սիմոնյանը երկկողմ հանդիպումներ է ունեցել տարբեր գործընկերների և միջազգային կառույցների ներկայացուցիչների հետ։

Միջոցառմանը մասնակցել են ոլորտը կարգավորող փոխնախարարներ Կենտրոնական Ասիայից, Հարավային Կովկասից և Թուրքիայից, ԵՄ անդամ պետություններից։ Ներկա էին նաև մասնավոր ներդրումային ընկերությունների փորձագետներ, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի փորձագետներ։

b42b98f7-190e-4f47-9015-53d2cd4ddf76.jpg (255 KB)

Ֆորումը նվիրված էր ԵՄ ընդլայնված հարևանությունում առկա ենթակառուցվածքային հնարավորությունները օգտագործելուն՝ դյուրացնելու միմյանց միջև առկա առևտուրը։ Առանձին պանելային քննարկումների ժամանակ ներկայացվել են մասնակից երկրների ենթակառուցվածքների ներդրումային գրավչությունն ու առկա հնարավորությունները։

Լիլիթ Գասպարյան

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում