Հասարակական

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է ԱՄՆ պետդեպարտամենտի արդարադատության հարցերով ավագ խորհրդատուին

2 րոպեի ընթերցում

Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահն ընդունել է ԱՄՆ պետդեպարտամենտի արդարադատության հարցերով ավագ խորհրդատուին

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանն ընդունել է ԱՄՆ պետդեպարտամենտի արդարադատության հարցերով ավագ խորհրդատու Մայքլ Վասկոյին, ինչպես նաև Երևանում ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի (ԹՊԻՀ) տնօրեն Ալեքսիս Հաֆթվանին ու ԹՊԻՀ քրեական արդարադատության բարեփոխումների ծրագրի ղեկավար Քրիստինա Աֆոյանին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից, շնորհակալություն հայտնելով ամերիկյան կողմին ԹՊԻՀ գրասենյակի կողմից իրականացվող տարբեր ծրագրերի միջոցով ցուցաբերվող շարունակական աջակցության և սերտ համագործակցության համար՝ Սասուն Խաչատրյանը Մայքլ Վասկոյին ներկայացրել է Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության հիմնական ուղղություններն ու կոռուպցիայի դեմ պայքարում արձանագրված արդյունքները, անդրադարձել կադրերի ընտրության և համալրման գործընթացին, օպերատիվ ծառայողների պատրաստվածությանն ու կարողությունների զարգացմանը վերաբերող հիմնական խնդիրներին ու առաջնահերթություններին:

Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում անդրադարձ է եղել կոռուպցիոն բնույթի հանցագործությունների ենթակայության հարցերին, Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթներին, ինչպես նաև նախաքննության իրականացման արդյունավետության բարձրացման նպատակով Կոմիտեի կողմից վերջին շրջանում ներկայացված օրենսդրական նախաձեռնություններին: Քննարկվել են նաև ամերիկյան կողմի աջակցությամբ նորագույն տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման անհրաժեշտությունն ու դրանց գործարկման նպատակով Կոմիտեի ծառայողների համար վերապատրաստումներ անցկացնելու հնարավորությունները:

Նշվում է, որ ամերիկյան կողմը պատրաստակամություն է հայտնել շարունակել աջակցությունը Հակակոռուպցիոն կոմիտեի կարողությունների զարգացման և ծառայողների մասնագիտական գիտելիքների կատարելագործման ուղղությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում