Միջազգային

Հյուսիսային Կորեան փորձարկել է ստորջրյա միջուկային զենքի համակարգ

2 րոպեի ընթերցում

Հյուսիսային Կորեան փորձարկել է ստորջրյա միջուկային զենքի համակարգ

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԿԺԴՀ-ն ստորջրյա միջուկային զենքի համակարգի փորձարկում է անցկացրել՝ ի պատասխան ԱՄՆ-ի, Ճապոնիայի և Հարավային Կորեայի զորավարժությունների: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը։

«ԿԺԴՀ ազգային պաշտպանության ակադեմիային առընթեր ստորջրյա սպառազինությունների համակարգերի ինստիտուտը Ճապոնական ծովի ջրատարածքում անցկացրել է մշակման փուլում գտնվող «Հեիլ-5-23» ստորջրյա միջուկային զենքի համակարգի կարևոր փորձարկում», - հայտնել են երկրի Պաշտպանության նախարարությունից։

Դրա հետ մեկտեղ չի հստակեցվում, թե կոնկրետ երբ է անցկացվել փորձարկումը, սակայն նշվում է, որ այն դարձել է ԱՄՆ-ի, Հարավային Կորեայի և Ճապոնիայի «սադրիչ զորավարժությունների» պատասխանը, որոնք հունվարի 15-ից ծովում անցկացվում են հարավկորեական Ջեջու կղզու շուրջը։

«Ներկայիս զորավարժությունները... տարածաշրջանում իրադրության հետագա ապակայունացման պատճառ են դարձել և ակցիաներ են, որոնք լրջորեն սպառնում են մեր պետության անվտանգությանը», - հայտարարել են ԿԺԴՀ-ում։

Փհենյանը նախազգուշացրել է, որ կշարունակի պատասխան քայլեր ձեռնարկել «ԱՄՆ ռազմածովային ուժերի ու նրա դաշնակիցների թշնամական ռազմական գործողությունները զսպելու համար», և սպառնացել է «աղետալի հետևանքներով»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում