Հասարակական

Միջուկային անվտանգության ոլորտում բարձր վարկանիշ ունեցող Հայաստանը հուսալի գործընկեր է․ մասնագիտացված կառույցի ղեկավարն ամփոփել է նախորդ տարին

10 րոպեի ընթերցում

Միջուկային անվտանգության ոլորտում բարձր վարկանիշ ունեցող Հայաստանը հուսալի գործընկեր է․ մասնագիտացված կառույցի ղեկավարն ամփոփել է նախորդ տարին

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում միջուկային անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով իրականացվել են կարևոր միջոցառումներ, որոնք առնչվել են հայկական երկու միջուկային տեղակայանքներին․ մեկը ՀԱԷԿ-ն է՝ իր երկու բլոկներով, մյուսն աշխատած միջուկային վառելիքի չոր պահեստարանն է, որը նույնպես գտնվում է ատոմակայանի տարածքում։ Արդեն դիտարկվել և վերլուծվել են ՀԱԷԿ-ի կողմից ներկայացված 13 համակարգերի մոդիֆիկացիաների փաթեթները, ինչպես նաև համաձայնեցվել են անվտանգության կարևոր ծրագրերում նախատեսվող 30 փոփոխությունների փաթեթեները։

«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ մասին տեղեկացրեց ՀՀ կառավարությանը ենթակա Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահի պաշտոնակատար Խաչատուր Խաչիկյանը։

Նա նշեց, որ կոմիտեի փոքրաթիվ կոլեկտիվը կատարել է բավականին մեծ աշխատանք՝ դիտարկելով անվտանգության համար կարևոր աշխատանքների իրականացման թույլտվությունների բազմաթիվ հայտեր, իրականացրել է ստուգայցեր՝ ՀԱԷԿ-ի գործող էներգաբլոկի ընթացիկ վիճակը և կատարված աշխատանքները գնահատելու նպատակով, վերլուծել է տեղի ունեցած հինգ տեխնիկական միջադեպերի քննության հաշվետվություններն ու Սթրես-թեսթի ազգային պլանով նախատեսված միջոցառումների կատարումը հավաստող հաշվետվությունները, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) տեսուչների հետ իրականացրել է միջուկային վառելիքի պետական հաշվառում և վերահսկողություն, ինչպես նաև վերլուծել լիցենզիայի պայմանների ու պահանջների կատարումը հավաստող հաշվետվությունները։

Կոմիտեի կարևորագույն գործառույթներից է նաև շրջակա միջավայրի պաշտպանությունը ճառագայթային ազդեցություններից, հետևաբար մի շարք ուղղություններով իրականացվում է ճառագայթային մոնիթորինգ։ Ռադիոակտիվ նյութերի անօրինական ներթափանցումը բացառելու նպատակով ՀՀ սահմանային անցակետերում մշտապես անցկացվում են բեռների ստուգումներ, տիպաճշտվում են նյութերը, որոնք կարող են պարունակել ռադիոակտիվ էլեմենտներ, և մարդկանց տրվում է համապատասխան խորհրդատվություն։

«Նախորդ տարում կայացած ստուգայցերի ընթացքում մասնավորապես Կոտայքի և Սյունիքի մարզերում իրականացվել է տարածքի հողերի և ջրերի, ինչպես նաև ռադոն գազի նմուշառում և քարտեզագրում։ 2023 թվականին իրականացվել է գյուղատնտեսական հողերի, խմելու ջրի և գետերի 29 նմուշառում, որոնց չափումներն իրականացվել են ՀԱԷԿ-ի շրջակա միջավայրի մոնիթորինգի լաբորատորիայի միջոցով։ Ռադիոակտիվության տեսանկյունից ամեն ինչ նորմայի մեջ է, անոմալիաներ չենք ունեցել։ Իսկ սեյսմիկ անվտանգության համատեքստում հայկական ատոմակայանից 50 կմ, 100կմ և ավելի շառավղով կատարվել են սեյսմիկ մոնիթորինգի դիտարկման աշխատանքներ։ Տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ նախորդ տարի գրանցված երկրաշարժերի էներգետիկ և քանակական միջին արժեքները նախորդ տարիների համեմատ առանձնահատուկ փոփոխություններ չեն կրել՝ պահպանելով մեր տարածաշրջանին բնորոշ սեյսմիկ ակտիվությունը»,- հավաստիացրեց Խաչիկյանը։

Անդրադառնալով միջուկային թափոնների խնդրին՝ մեր զրուցակիցն ընդգծեց, որ Հայաստանում ուրանի թափոններ չկան։ Աշխատած միջուկային վառելիքը մեր երկրում դեռևս միջուկային թափոն չի համարվում, այն ՀԱԷԿ-ի վերագործարկելուց հետո համարվում է Հայաստանի սեփականությունն ու պահվում է հանրապետությունում։ Ատոմակայանի տարածքում կա աշխատած միջուկային վառելիքի պահեստարան, որը նախատեսված է հիսուն տարվա շահագործման համար։

«Վառելիքն ակտիվ գոտուց հանելուց հետո բավականին երկար ժամանակ թաց վիճակում հովացնելու համար պահվում է ՀԱԷԿ-ի հովացման ավազանում, մնացորդային ջերմանջատումները, միջուկային փոխազդեցություններն այդ ընթացքում զգալիորեն թուլանում են, ինչից հետո վառելիքը կարելի է պահել օդով հովացնելու պայմաններում։ Կան պաշտպանիչ պատյաններ, որոնցում իոնիզացնող ճառագայթման քանակը քչանում է։ Միջուկային վառելիքի պահման ժամկետը կարելի է շարունակ երկարացնել, եթե կա այն հովացնելու հնարավորություն։ Անհրաժեշտության դեպքում կկառուցվեն հավելյալ պահեստարաններ։ Աշխատած վառելիքի վերահսկողության առումով Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչների հետ համատեղ իրականացնում ենք ամենամյա ստուգումներ։ Իսկ ինչ վերաբերում է այլ ռադիոակտիվ այլ նյութերի թափոններին, ապա դրանք տեղափոխվում են վնասազերծման ժամանակավոր պահեստարան»,- պարզաբանեց մասնագետը։

Ի դեպ, Հայաստանում վերջին տարիներին առաջընթաց է գրանցել նաև միջուկային բժշկությունը։ Եթե նախկինում ճառագայթային ախտորոշմամբ և ճառագայթային բուժմամբ զբաղվում էր միայն Ֆանարջյանի անվան ԲԿ-ն, ապա այժմ կլինիկաների քանակն ավելացել է։ «Քովիդ-19»-ի պայմաններում բավականին մեծ կարևորություն ստացավ համակարգչային տոմոգրաֆիան, որն իրենից ներկայացնում է գեներացնող ճառագայթման աղբյուր և չի պարունակում ռադիոակտիվ նյութեր։

Խաչիկյանը տեղեկացրեց, որ կոմիտեն համագործակցում է տարբեր միջազգային կառույցների հետ, որոնց թվում՝ ԱԷՄԳ-ի, ԵՄ-ի, Եվրահանձնաժողովի, ԱՊՀ-ի հետ։ Ընդ որում՝ համագործակցության ծրագրերը վերաբերում են ոչ միայն տվյալ ոլորտին, այլև կրթական, առողջապահական բնագավառներին և նպատակ ունեն Հայաստանում բարձրացնել միջուկային անվտանգության մակարդակը։

«Մասնավորապես ԵՄ-ի հետ համագործակցության շրջանակում իրականացվում է մի ծրագիր, որը միտված է մեր պետական մարմնի պատրաստվածության և հակազդման կարողությունների ուժեղացմանը։ Խոսքը, մասնավորապես, ռադիոքիմիական և ռեֆերենսային լաբորատորիայի հիմնադրման մասին է, որը նպաստելու է, որպեսզի մեր կառույցը ձեռք բերի համապատասխան կարողություններ՝ շրջակա միջավայրի մոնիթորինգային և վերահսկողությունից դուրս մնացած ռադիոակտիվ նյութերի տիպաճշտման աշխատանքներ իրականացնելու նպատակով։ ԵՄ-ն ստանձնել է լաբորատորիան համապատասխան սարքավորումներով, գույքով և մեթոդիկաներով համալրելու, անձնակազմի վերապատրաստում անցկացնելու հանձնառությունը։ Տարածքն արդեն կառավարությունը հատկացրել է, և ընթացիկ տարվա բյուջեով նախատեսված են նախագծային ու շինարարական աշխատանքներ»,- մանրամասնեց մեր զրուցակիցը։

ԵՄ-ն Հայաստանին տրամադրել է նաև մոբայլ դիզել-գեներատորներ, որոնցից մեկը նախատեսված է կոմիտեի համար, մնացածները՝ ՀԱԷԿ-ի համար։ Դրանք տրվել են Ֆուկուսիմայի ատոմակայանի վթարից հետո սթրես-թեսթի վերլուծության արդյունքներով։ Ընթացիկ տարում կնքվելիք համաձայնագրով ՀՀ-ին տրամադրվելու են նաև շարժական դիզել-պոմպեր՝ ջերմատարի կորստի դեպքում ակտիվ գոտին հովացնելու և վառելիքը չվնասելու համար, որպեսզի բացառվեն միջուկային վթարները։ Խաչիկյանը տեղեկացրեց, որ ԵՄ աջակցությամբ տեղադրվել է EWRMS համակարգը, որում ներառված են հայկական ատոմակայանի շուրջ տեղակայված գամմա ճառագայթում չափող 32 կայաններ՝ այդ թվում 24/7 ռեժիմով չափման արդյունքների ավտոմատ փոխանցումով երկու սպեկտրոմետրիկ կայաններ։

Քանի որ կոմիտեի նպատակը ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում վարքագծի կանոնների հաստատումն ու պետական կարգավորում իրականացնելն է, ուստի այդ տեսակետից կառույցը փորձում է ազգային օրենսդրության մեջ ներառել բոլոր համաձայնագրերի դրույթները, որոնք վավերացվել են նաև ՀՀ-ի կողմից։ Խոսքը մասնավորապես «Միջուկային անվտանգության», «Միջուկային նյութերի ֆիզիկական պաշտպանության», «Միջուկային զենքի չտարածման» կոնվենցիաների մասին է։ Ներկա պահին սկսվել է նաև «Ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման մասին» օրենքի վերանայման գործընթացը։ Մշակված նախագիծը շուտով կներկայացվի միջազգային փորձաքննության։ Հայաստանը ԵՄ-ի հետ կնքել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը և պարտավորվել է իր ազգային օրենսդրությունը մոտարկել եվրոպական դիրեկտիվների պահանջներին։ Աշխատանքներն այդ ուղղությամբ նույնպես ընթանում են և իրականացվում են սահմանված ճանապարհային քարտեզի միջոցով։

Ակտիվ համագործակցություն է իրականացվում նաև ԱՊՀ երկրների շրջանում։ Արդեն ստորագրվել են Ճառագայթային մշտադիտարկման, տեղեկատվության փոխանակման և ռադիոակտիվ նյութերի անդրսահմանային փոխադրման համաձայնագրերը, որոնց նպատակը ԱՊՀ տարածքում ճառագայթային վիճակի ընդհանուր գնահատումն է և ճառագայթային անօրինական աղբյուրների տեղաշարժի բացառումը։

Խաչիկյանը տեղեկացրեց, որ ՀՀ-ն արդյունավետորեն փոխգործակցում է հատկապես ԱԷՄԳ-ի հետ, որն իր վարկանիշային սանդղակում Հայաստանին հատկացրել է ավելի բարձր տեղ։ Հայ փորձագետները ներգրավված են գործակալության տարբեր աշխատանքային խմբերում։ Հայաստանը 2024-25 թվականների համար դարձել է ԱԷՄԳ-ի կառավարիչների խորհրդի անդամ։ Ընդ որում՝ երկու տեղի համար պայքարում էին Հայաստանը, Ուկրաինան և Ադրբեջանը։ Արդյունքում ընտրվեցին առաջին երկուսը։

«Միջուկային անվտանգության ոլորտում բարձր վարկանիշ ունեցող Հայաստանը հուսալի գործընկեր է։ Այդ մասին իր վերջին այցի ժամանակ փաստեց միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։ Հայաստանը բաց երկիր է և բարեխղճորեն կատարում է իր պարտավորությունները»,- եզրափակեց մեր զրուցակիցը։

Մանվել Մարգարյան

Տեղադրություն

Արարատ Միրզոյանը Ժոզեպ Բորելի հետ հանդիպմանն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման անհրաժեշտությունը

Եվրոպա

Արարատ Միրզոյանը Ժոզեպ Բորելի հետ հանդիպմանն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման անհրաժեշտությունը

Բնագիտական և տեղեկատվական տեխնոլոգիաների լաբորատորիաներ՝ Արմավիրի մարզի հանրակրթական 88 դպրոցում

Կրթություն

Բնագիտական և տեղեկատվական տեխնոլոգիաների լաբորատորիաներ՝ Արմավիրի մարզի հանրակրթական 88 դպրոցում

Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել Հայաստանին Շվեյցարիայում կայացած Խաղաղության գագաթնաժողովին մասնակցելու համար

Եվրոպա

Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել Հայաստանին Շվեյցարիայում կայացած Խաղաղության գագաթնաժողովին մասնակցելու համար

Մահացել է Եղիշե Չարենցի կրտսեր դուստրը՝ Անահիտ Չարենցը

Մշակույթ

Մահացել է Եղիշե Չարենցի կրտսեր դուստրը՝ Անահիտ Չարենցը

Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ քաղաքական երկխոսության հարցեր

Եվրոպա

Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ քաղաքական երկխոսության հարցեր

Իտալիայում ՀՀ դեսպանը համիդյան ջարդերին վերաբերող բացառիկ արխիվային փաստաթղթեր է փոխանցել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին

Հայաստան

Իտալիայում ՀՀ դեսպանը համիդյան ջարդերին վերաբերող բացառիկ արխիվային փաստաթղթեր է փոխանցել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին

«Զանգեզուր» արգելավայրում նկատվել են հայկական մուֆլոններ

Մարզեր

«Զանգեզուր» արգելավայրում նկատվել են հայկական մուֆլոններ

Հովհաննես Հարությունյանը հեռանում է «Փյունիկ»-ից

Սպորտ

Հովհաննես Հարությունյանը հեռանում է «Փյունիկ»-ից

Վայոց ձորում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժանքներ

Մարզեր

Վայոց ձորում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժանքներ

Հանրապետության տարածքում շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ

Հայաստան

Հանրապետության տարածքում շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ

Հերացու փողոցից դեպի Խանջյան փողոց տանող թունելում բեռնատար ավտոմեքենա է կողաշրջվել

Հայաստան

Հերացու փողոցից դեպի Խանջյան փողոց տանող թունելում բեռնատար ավտոմեքենա է կողաշրջվել

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում