Քաղաքականություն

ԱՄՆ նախագահի թեկնածուն Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության արգելափակումը ճիշտ քայլ է համարում

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահի թեկնածուն Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության արգելափակումը ճիշտ քայլ է համարում

ԵՐԵՎԱՆ, 17 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ նախագահական ընտրություններին մասնակցելու համար իր թեկնածությունն առաջադրած ձեռնարկատեր Վիվեկ Ռամասվամին արձագանքել է ԱՄՆ Սենատի կողմից «Հայկական պաշտպանության ակտ» օրինագծի ընդունմանը, հաղորդում է «Արմենպրես»-ը։

«Ամոթալի է, որ ԱՄՆ հարկատուների գումարներն օգտագործվել են Ադրբեջանի կողմից հայ քրիստոնյաների հալածանքները ֆինանսավորելու համար։ Զարմացած եմ, որ նախագահի ոչ մի թեկնածու երբևէ չի ընդունել այդ վայրագությունները։ Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության արգելափակումը ճիշտ քայլ է», - գրել է Ռամասվամին X սոցիալական հարթակի իր էջում։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, ԱՄՆ Սենատը նոյեմբերի 16-ին ընդունել է Միչիգանը ներկայացնող սենատոր Գարի Փիթերսի հեղինակած «Հայկական պաշտպանության ակտ» օրինագիծը, որի նպատակն է 2024 և 2025 թվականների համար չեղարկել «Ազատության աջակցության ակտի» 907-րդ բանաձևը շրջանցելու նախագահական իրավասությունը, ինչի արդյունքում Ադրբեջանը կզրկվի ամերիկյան ռազմական օժանդակությունից։

2002 թվականից ի վեր ամեն տարի Կոնգրեսը Սպիտակ տանը հնարավորություն է տվել հրաժարվել 907-րդ բանաձևի կիրառումից։ «Ազատության աջակցության ակտի» 907-րդ բանաձևն ուժի մեջ է մտել 1992 թվականին և նախատեսում է սահմանափակել ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրամադրվող օգնությունը, քանի դեռ Բաքուն կոնկրետ քայլեր չի ձեռնարկել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ շրջափակումներն ու հարձակումները դադարեցնելու ուղղությամբ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում