Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

Հայաստանում և Մոլդովայում գրանցվել է ժողովրդավարության մակարդակի էական աճ. Սիմա Շահ

Հայաստանում և Մոլդովայում գրանցվել է ժողովրդավարության մակարդակի 
էական աճ. Սիմա Շահ

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ստոկհոլմում գործող Ընտրական աջակցության և ժողովրդավարության միջազգային ինստիտուտի ժողովրդավարական գործընթացների գնահատման ղեկավար Սիմա Շահը հայտարարել է, որ ժողովրդավարության  էական աճի նոր էպիկենտրոններ են ի հայտ եկել Եվրոպայում. և այդ առումով կարելի է առանձնացնել Մոլդովան, Հայաստանը և Սլովենիան, որտեղ առաջընթացն ու զարգացումները կրում են դինամիկ բնույթ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Սիմա Շահը նման տեսակետ է հայտնել   «Եվրոնյուզ»-ին տված հարցազրույցում։

Նա նշել է, որ Հայաստանը դասվում է այն երկրների շարքին, որոնցում գրանցվել է ժողովրդավարության մակարդակի էական աճ։     

«Մասնավորապես խոսքի ազատության իրավունքի կիրարկման տեսանկյունից ամբողջ աշխարհում նկատվում է անկում, մինչդեռ Հայաստանում, Մոլդովայում և Սլովենիայում այդ առումով գրանցվել է զգալի աճ։ Սլովենիայում նույնիսկ անցկացվեց հանրաքվե այն բարեփոխումների վերաբերյալ, որոնք նպաստում են հանրային հեռարձակման անկախությանը, ինչը մեծ հաղթանակ է տեղի ԶԼՄ-ների համար։ Մոլդովայում ստեղծվել է նոր դատարան, որի գործունեության տիրույթում բացարձակապես կոռուպցիոն գործերի քննումն է, և որի աշխատանքը նպաստում է այդ երկրում կոռուպցիայի մակարդակի նվազմանը»,- ասել է Սիմա Շահը։

Նրա կարծիքով՝ պետք է կենտրոնանալ այն ինստիտուտների գործունեության վրա, որոնք աջակցում են ժողովրդավարական գործընթացներին, առավել ևս, որ աշխարհում տեղի են ունենում ժողովրդավարական ընտրություններ, գործում են էֆեկտիվ խորհրդարաններ, ապահովվում է հասանելիությունն արդարադատությանը։ Ըստ նրա՝ պետք է սևեռուն ուշադրություն դարձնել գործընթացների թափանցիկությանը և օրենսդրությունների հզորացմանը, ինչպես նաև այն միջավայրերին, որոնցում կիրարկվում են այդ օրենսդրությունները։

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am