Միջազգային

Մախաչկալայի օդանավակայան ցուցարարների ներխուժման հետևանքով 20 մարդ է վիրավորվել, 60 մարդ ձերբակալվել է

2 րոպեի ընթերցում

Մախաչկալայի օդանավակայան ցուցարարների ներխուժման հետևանքով 20 մարդ է վիրավորվել, 60 մարդ ձերբակալվել է

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Դաղստանի Մախաչկալայի օդանավակայանում ցուցարարների և իրավապահների միջև բախումների հետևանքով տուժել է ավելի քան 20 մարդ, այդ թվում՝ ոստիկաններ և քաղաքացիական անձինք։ Ցույցի առիթ է դարձել Թել Ավիվից ժամանող Red Wings ավիաընկերության չվերթը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Դաղստանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ վիրավորներից 10-ը հոսպիտալացվել են, նրանցից 2-ի վիճակը ծայրահեղ ծանր է։

Հոկտեմբերի 29-ի երեկոյան Մախաչկալայի օդանավակայանում հավաքվել է մի քանի հարյուր մարդ՝ ի նշան բողոքի ընդդեմ պաղեստինաիսրայելական հակամարտության։ Ցուցարարները ճեղքել են ցանկապատն ու մտել թռիչքուղի, ինչպես նաև օդանավակայանի շենք։

Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, Դաղստանի կառավարությունից հայտնել են, որ իրավիճակը վերահսկվում է, տեղում աշխատում են անվտանգության ծառայությունները։ Միջադեպից հետո ստեղծվել է օպերատիվ շտաբ՝ հանրապետության ղեկավար Սերգեյ Մելիքովի գլխավորությամբ։ Նա հայտարարել է, որ օդանավակայանում հավաքվածների գործողությունները օրենքի կոպիտ խախտում են և կգնահատվեն իրավապահների կողմից։

Բողոքի ակցիայի ակտիվ մասնակիցներից 150-ի ինքնությունը պարզվել է, նրանցից 60-ը ձերբակալվել են, հարուցվել են քրեական գործեր։

Միջադեպից հետո Մախաչկալայի օդանավակայանը փակվել է։ Այն, հնարավոր է, վերաբացվի հոկտեմբերի 31-ին՝ մանրակրկիտ ստուգումներից հետո։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ օդանավակայանը փակ կլինի մինչև նոյեմբերի 6-ը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում