ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար նախատեսված բեռով ինքնաթիռը Բուենոս Այրեսից Հայաստան կժամանի հոկտեմբերի 22-ի երեկոյան
1 րոպեի ընթերցում
![ԼՂ-ից բռնի տեղահանվածների համար նախատեսված բեռով ինքնաթիռը Բուենոս Այրեսից Հայաստան կժամանի հոկտեմբերի 22-ի երեկոյան](http://armenpress.am/resized/480/static/news/b/2023/10/1122530.jpg)
ԲՈՒԵՆՈՍ ԱՅՐԵՍ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուենոս Այրեսից hոկտեմբերի 21-ին Երևան է մեկնել հատուկ չվերթ, որը տեղափոխում է հումանիտար օգնություն՝ Ադրբեջանի կողմից կազմակերպված էթնիկ զտման արդյունքում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության համար:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արգենտինայում, Ուրուգվայում, Չիլիում, Պերուում և Պարագվայում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը տեղեկացնում է, որ թռիչքը կազմակերպել են Արգենտինայի արտաքին հարաբերությունների, միջազգային առևտրի և պաշտամունքի նախարարությունը և «Սպիտակ սաղավարտներ» գործակալությունը՝ համագործակցությամբ Էնրիկե Պինիեյրոյի «ՍոլիդԱիր» հիմնադրամի:
Դեսպանությունն իր խորին երախտիքն է հայտնում նաև Արգենտինայի հայ համայնքին, բոլոր համայնքային կառույցներին և անհատներին, ովքեր իրականություն են դարձրել այս հումանիտար առաքելությունն իրենց հայրենանվեր աշխատանքով:
Բուենոս Այրեսից Հայաստան եկող 10 հազար 865 կգ մարդասիրական օգնությունը ներառում է տաք հագուստ, կոշիկ, մանկական հիգիենայի պարագաներ, սրբիչներ, էլեկտրական տաքացնող սարքավորումներ և այլ իրեր։ Տեղափոխող ինքնաթիռը Հայաստանում կլինի հոկտեմբերի 22-ի երեկոյան։