Հասարակական

Կվերականգնվի Արաքս գետի ողողված պատնեշը, որտեղով անցնում է Թուրքիայի հետ սահմանը

2 րոպեի ընթերցում

Կվերականգնվի Արաքս գետի ողողված պատնեշը, որտեղով անցնում է Թուրքիայի հետ սահմանը

ԵՐԵՎԱՆ, 7 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Արարատի մարզի Արաքսավան և Բուրաստան համայնքների Արաքս գետի նախկին հունի և համապատասխան սահմանանշանի մոտակայքում Արաքս գետի հայկական կողմի մոտ 130 մ երկարությամբ և 8 մ խորությամբ ողողված պատնեշի վերականգնման աշխատանքներ կիրականացվեն:

Համապատասխան որոշումը կայացվել է ՀՀ կառավարության սեպտեմբերի 7-ի նիստում։

Ըստ հիմնավորման՝ ավազահանքի շահագործման հետևանքով Արաքս գետի հայկական կողմում 8 մ խորությամբ հողապատնեշը ողողվել է, իսկ մի տարածքում էլ փոխվել է Արաքս գետի նախկին հունը, Արաքսը հոսում է Հրազդան գետի հունով:

Համաձայն 1973 թ. վերասահմանանշման, Հայաստանի և Թուրքիայի միջև պետական սահմանը անցնում է Արաքս գետի նախկին հունով, որը փոփոխման հետևանքով ներկայումս ջրազրկվել և պատվել է խիտ թփուտներով ու ծառերով: Արաքս գետի նախկին և ներկայիս հուների միջև առաջացել է մոտ 400 հա մակերեսով «կղզի», որը ամայացել է և գյուղատնտեսական նպատակներով չի օգտագործվում: Արաքս գետը Հրազդան գետի հունով հոսելու հետևանքով Հրազդան գետի ձախ ափը վտանգված է, հեղեղների ժամանակ տեղի են ունենում փլուզումներ, որոնք կարող են ափամերձ տարածքի և սահմանային կառույցների ողողման պատճառ դառնալ:

Աշխատանքների կատարման արդյունքում նախատեսվում է մոտ 6.5 կմ երկարության վրա վերականգնել Արաքս գետի նախկին հունը համապատասխան սահմանային նշանների հատվածում և խուսափել հետագա փլուզումներից: 2022 թ.-ից մեկնարկել է օբյեկտի նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման գործընթացը, որի համաձայն շինարարական աշխատանքների համար պահանջվում է 378,251.2 հազար դրամ, տեխնիկական հսկողության ծառայությունների համար՝ 4,917.3 հազար դրամ, հեղինակային հսկողության ծառայությունների համար՝ 1,513.0 հազար դրամ։

Այս տարվա ընթացքում նախատեսվում է իրականացնել շինարարական աշխատանքների 50 տոկոսը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում