Ադրբեջանը բարձր ինտենսիվությամբ կրակ է բացել Երասխում կառուցվող գործարանի ուղղությամբ՝ թիրախավորելով նաև բանվորների կացարանը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանը 3 օր շարունակ բարձր ինտենսիվությամբ կրակ է բացել Երասխում օտարերկրյա ներդրումներով կառուցվող գործարանի ուղղությամբ՝ թիրախավորելով նաև բանվորների կացարանը: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է մետաղաձուլարանը կառուցող «Ջի Թի Բի Սթիլ» ընկերության տարածած հաղորդագրությունից:
«Օգոստոսի 25-ից 27-ն ընկած ժամանակահատվածում, ադրբեջանական զինված ուժերը բարձր ինտենսիվությամբ աննախադեպ քանակի կրակոցներ են արձակել Երասխում կառուցվող գործարանի ուղղությամբ՝ թիրախավորելով նաև բանվորների կացարանը:
Կատարվել է ավելի քան 60 կրակոց»,- նշված է գործարանի տարածած հաղորդագրության մեջ:
Ադրբեջանի ԶՈւ-ն ավելի վաղ՝ հունիսի 14-ին ժամը 11:45-ի սահմաններում, կրակ էր բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետաղաձուլարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում էր ստացել օտարերկրյա 2 քաղաքացի: